
Եթե պատերազմական օրերին արձանագրվեց Ադրբեջանի կողմից սիրիացի վարձկան–ահաբեկիչների կռվելու փաստը, ապա այսօր նույն սիրիացիների մասնակցությամբ Թուրքիան սկսում է նոր «արտահանում» իրականացնել։ Խոսքը՝ իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքներից ընտանիքների տեղափոխման մասին է։
Այսօր միանգամից մի քանի հրապարակում է եղել այս թեմայով միջազգային մամուլում։ Որպես հիմնավորում ներկայացվում է տարածաշրջանի ժողովրդագրությունը փոխելու Թուրքիայի ծրագրերը։
Սիրիացի վարձկաններից հետո այժմ Թուրքիան Ղարաբաղի տարածք է «ներմուծում» իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի տարածքներից ընտանիքներ։ Լրագրող Ալիսոն Մյուզը Թվիթերի իր միկրոբլոգում կիսվել է «Sky News Arabia»-ի հոդվածով:
«Թուրքական «կասկածելի» քայլերը Ղարաբաղում …» վերնագրով հոդվածի հեղինակը օգտվել է իր աղբյուրներից, տեղեկությունը ճշտել է նաև Հյուսիսարևելյան Սիրիայի ինքնավար վարչակազմի ներկայացուցիչ Շաֆան ալ-Խաբուրից։ Նա է թերթին տեղեկացրել, որ Թուրքիայի «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցությունը որոշել է սիրիացի ընտանիքներին Լեռնային Ղարաբաղ տեղափոխել։ Օրեր առաջ նման տեղեկություն էր հրապարակել նաև «Human Rights Organisation -Afrin -Syria» կազմակերպությունը։
«Ռադիոլուր»–ի հետ զրույցում ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը կարծիք հայտնեց, որ կայսերապաշտական ծրագրեր ունեցող պետությունները շարունակում են իրենց անավարտ ծրագրերը։
«Վերադիրքավորվելու խնդիր ունեին, ինչը իմ կարծիքով՝ 1920 թվականի պայմանագրերով՝ Մոսկվայի–Կարսի, չէին կարողացել ռուսները և թուրքերը միմյանց հետ կիսել, հետո ԽՍՀՄ քայքայումից հետո չկարողացան վերջնական ձևով համաձայնվել իր դիրքավորվել ։ Հիմա էլ փորձ է արվում այդ կիսատ մնացած գործը շարունակել, ընդ որում՝ դա դեռ չի նշանակում, որ տարածքային վերջնական վերաձևակերպումները խաղաղություն կհաստատեն։ Կլինի բախումների նոր օջախներ։ Կարող են նաև քրդերին «խաղացնելով» ինչ–որ «օջախներ» ունենալ, որ հանկարծ, ենթադրենք, հայերն ու ադրբեջանցիները որոշեն այլևս չխաղան ուրիշների խաղը՝ քրդերին «խաղացնեն» այս անգամ մեր կամ ադրբեջանցիների, կամ ռուսների դեմ։ Ու եթե մենք չցանկանանք ներքաշվել, կարող են իրենք ներքաշել»։
Դա կարող է արվել, այսպես ասենք, «նոր խաղացողների» միջոցով։ Իսկ այդ նոր խաղացողները հենց Սիրիայից տեղափոխվողներն են։ «Sky News Arabia»-ի զրուցակից Ալ-Խաբուրին նշել է, որ Թուրքիան այդ քայլով փորձում է Ղարաբաղում ժողովրդագրական փոփոխություն մտցնել։ Ընտանիքները տեղափոխվում են այն տարածքներ, որտեղ քրդերը տարածաշրջանը անվանում են «Կամիր Քուրդիստան»։
Պատմությունից և քարտեզներից հայտնի է, որ Լենինի կառավարման տարիներին այդ անվանումով վարչական միավորը Ադրբեջանական Խորհրդային Սովետական Հանրապետության կազմում գոյություն է ունեցել 1923– 1929 թվականներին: Զբաղեցրել է Արցախի Քարվաճառի շրջանի և Քաշաթաղի շրջանի հյուսիսային հատվածները: Այն տարածքներն են, որոնք այժմ փոխանցվում են Ադրբեջանին և գտնվում են Հայաստանի ու Արցախի արանքում։

«Sky News Arabia»-ի հոդվածագիրը նշում է՝ ժողովրդագրական փոփոխությունը Թուրքիայի կառավարության համար նոր մոտեցում չէ։ Նախկինում նույնը կիրառվել էր Սիրիայի հյուսիս-արևելքում ՝ Աֆրին քաղաքում, որն այժմ ունի իր նախնական բնակիչների ընդամենը 7 տոկոսից պակաս։ Այժմ դա փորձում են կիրառել Ղարաբաղում:
Որպես պետություն Հայաստանը պետք է ուժ գտնի վերափոխվելու և ժամանակակից աշխարհում ճիշտ դիրք գրավելու համար։ Որքան էլ պարադոքսալ է հնչում՝ պարտությունը զարգացման լավագույն խթանն է, համոզված է ազգագրագետ Նիկոլ Մարգարյանը։
«Մենք չկարողացանք հաղթանակից հետո հաղթանակ ունենալ, հետո՝ ուրիշ։ Բայց հիմա պարտությունը մեզ կարող է թույլ տալ ավելի սթափ վարվենք և վերանայենք, թե սխալները որտեղից են գալիս։ Արդյո՞ք մեր նպատակը պատմությունը սրբագրելն է, արդյո՞ք մեր նպատակը անցյալից կառչած մնալն է։ Ո՞րն է մեր նպատակը։ Գերմանացիները, ճապոնացիները ծանր պարտություններ կրեցին երկրորդ համաշխարհայինում, բայց այդ պարտություններն իրենց համար շատ ավելի լուրջ վերելքի ծառայեցին։ Ես վերելք էլ չեմ ասի՝ դա թռիչք է, որովհետև ուրիշ տեղից իրենք սկսեցին, ուրիշ մեկնարկ արեցին»։
Ճիշտ ուղղությունը հասկանալու համար ազգագրագետը խորհուրդ է տալիս հասկանալ պետությունների քաղաքականությունը։ Ներկա աշխարհը ազգագրագետը բաժանում է տարբեր ուղղությունների։ Պայմանականորեն «անցյալամետ» քաղաքականություն տեսնում է թե Հայաստանում, թե Ռուսաստանում, թե Թուրքիայում։ «Ներկայամետ» է համարում Միացյալ Նահանգների քաղաքականությունը, իսկ «ապագայամետ» է համարում Չինաստանի մոտեցումները։ Այս մանրուքներում են, կարծում է, ճիշտ ուղղությունները։
«Հայկը պարտվեց Բելին։ Ախր, ո՞ր դարն է, արդյո՞ք մենք ուզում ենք այդ առասպելներով ապրենք։ Դրանք կենսունակ չեն, դրանք հետաքրքիր են որպես անցյալի մշակութային ստեղծագործություններ։ Այսօր տեսեք՝ ո՞ր ազգն է քիչ, թե շատ հաջողակ այդպիսի առասպելներով ապրում։ Չկա այդպիսի օրինակ։ Նայում են որպես իրենց մշակույթի ստեղծագործություններ, ոչ թե իրենց գաղափարաբանություն։ Իսկ մենք, ասենք վերցրել ենք Խորենացուն կուսակցությունների մակարդակով նույնիսկ քարոզչություն ենք անում։ Այսօրվա տենդենցներին ի վիճակի էլ չենք իսկապես նայել ու հասկանալ, որովհետև հին ակնոցները դրած ինչ- որ բաներ ենք փորձում անել։ Ո՞նց կարող ենք, ասենք, Բագրատունիների կամ Տիգրանի, կամ Արտաշեսի շրջանի ակնոցներով այսօրվա աշխարհը հասկանանք»։
Ազգագրագետի համոզմամբ՝ լուծումները ազգային մոտեցումների փոփոխության մեջ է։ Եվ ամենակարևորը՝ առաջարկվող գաղափարները պետք է լինեն իսկապես նորը, հնում փորձված գաղափարները՝ համոզված է, ապագայի համար արդյունավետ չեն։




