
Մարտակերտի գյուղերից Նոր Կարմիրավանի բնակիչ Գևորգ Ասատրյանը 5 տարեկան էր, երբ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Կարմիրավան գյուղից ընտանիքի հետ մի կերպ փրկվեց ու հասնավ Արցախ։ Հիմա պատմությունը կրկնվում է։
«Երկրորդ անգամն է տուն ենք թողնում։ Այն ժամանակ ոչ մի բանը չենք հասցրել հանել։ 5 տարեկան երեխա եմ եղել և հիշում եմ, որ առանց հագուստ էի։ Հազիվ փախել ենք։ Հիմա լավից վատից ժամանակ են տալիս` իրերը հանելու համար»։
Անչափահաս երեխաներ ունեցող Գևորգը պատերազմի ամբողջ ընթացքում առաջնագիծն է պահել, հրադադարից հետո եկել Երևանում ապաստանած երեխաներին տեսության, տարհանման մասին լուրը երեկ է իմացել ու գիշերով շտապել հայրենի գյուղ։
«Այս պահին ինչ հասցնում եմ, հանում եմ, բայց շատ բան է մնալու թուրքին։ Դե ժամանակ չկա այդքանը հանելու համար»։
Ընտանիքի հետ իրերն ու անասունները ժամանակավորապես տեղափոխում է Մարտակերտում բնակվող ընկերոջ տուն։
Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն և Նոր Ջրաբերդ բնակավայրերը նոյեմբերի 19–ին ժամը մինչև 23.00 կանցնեն Ադրբեջանի հսկողության տակ։ Նոր Կարմիրավանի գյուղապետ Վիտալի Բեջանյանը «Ռադիոլուրին» կարճ ներկայացրեց գյուղում իրավիճակը՝ բոլորը խառն են, ժամանակը քիչ է իրերը հանելու համար։
«Ներկա պահին բնակչությունը տարհավում է։ Ամսի 17–ին են մեզ տեղեկացրել, որ պետք է դուրս գանք։ Ժողովուրդն ինչը հնարավոր է հանում է։ Իսկ բնակչության մեծ մասը գնալու է Մարտակերտ։ Դեռ ապրանքները հանում են Մարտակերտ, մինչև տեսնենք ինչ կլինի»:
Նույն խառը, շտապողական վիճակում էր նաև Նոր Այգեստանի գյուղապետ Հրայր Հակոբյանը։ Ինքն էլ գյուղի բնակչության հետ իր իրերն էր հավաքում։
«Հենա սաղ էլ տարհանվում են։ Ժամը մինչև 23.00 ժամանակ ունենք։ Այնպես չի, որ բոլորը մինչև վերջ են տարհանվում, բայց իրենց եղած չեղածը տանում են։ Ամեն մարդ, որտեղ կարողանում է, գնում է։ Ով բարեկամ ունի, ով ընկեր ունի, տեսնենք ինչ է լինելու։ Էնքան որ մարդիկ դուրս գան այս պահին»։
Քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը վերջին իրադարձություններից սրտնեղած «Ռադիոլուրի» հետ զրույցում ասաց՝ ինչ ունենք չունենք, տվեցին։ Նոյեմբերի 10–ի եռակողմ հայտարարության մեջ Մարտակերտի շրջանի գյուղերից զորքերի հետ բերման վերաբերյալ որևէ խոսք չի եղել։ Խոսվել է Աղդամի շրջանի մասին։ Իսկ Նոր Սեյսուլանը երբեք Աղդամի շրջանի տարածք չի եղել, Ղազանչի գյուղի վարչական սահմաններում է գտնվել։

«Չգիտեմ ով է նման որոշում կայացրել։ Արդյո՞ք նոյեմբերի 10–ի հայտարարությանը կից այլ համաձայնություն էլ կա։ Ես կուզենայի Հայաստանի կառավարությունը բացատրություն տար, թե ինչ է սա նշանակում։ Եվ միայն այս գյուղը չէ։ Նաև Չարեքտար գյուղն էլ նախկինում վարչականորեն պատկանել է Մարտակերտի շրջանին։ Հիմա այսօր դատարկվում է նաև Չարեքտարը»։
Խորհրդային ժամանակների ռազմական քարտեզներն են այս ամենի լուռ վկայությունները, ասում է քաղաքագետը։ Իսկ Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Հայկ Բախշիյանը մեզ հետ զրւյցում հրաժարվեց խոսել պատմությունից, շատ խառն ենք, ասաց ու հեռախոսն անջատեց։
«Որը ում տարածքն է, իմ թեման չէ, այդ հարցերը ես չեմ քննարկում։ Ինձ ասել են տարհանենք այդ գյուղերը, ես էլ այդ գործերով եմ զբաղված»։
Ինչպես են ընտրվել այն գյուղերը, որոնք պետք է հանձնվեն Ադրբեջանին, փորձեցինք պարզել Արցախի նախագահի գրասենյակից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։




