
Արշավի վերջին օրն էր, պատերազմի՝ առաջին․
«Մեր խումբը Ստեփանակերտում էր, առավոտյան պետք է վերադառնայինք, առաջին ԱԹՍ-ները ընկան Ստեփանակերտ»։
Պատերազմի ավարտն ազդարարելուց հետո որոշումը հստակ էր․ կամ դեպի Արցախ արշավախմբային վերադարձը վերջինը չպետք է լիներ, կամ ընդհանրապես պետք է չլիներ։ Արշավներ Ակումբ տուր տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանն ասում է, որ դեպի Արցախ, մասնավորապես դեպի Դադիվանք ուղությամբ տուրերը վերականգնված են։ Ցանակացողների թիվը մեծ է, շատերն են ցանկանում գնալ, շատերն էլ.
«Շատերը դեռ վախենում են ռազմական տարածքներ մտնելուց, ոմանք կորուստներ ունեն և հոգեպես պատրաստ չեն այդ տարածքներ գնալուց, բայց ցանկացողների թիվը շատ մեծ է»։
Չաշխատել այլևս հնարավոր չէր, զբոսաշրջությունը մեր երկրում տնտեսության ամենածաղկող ճյուղերից մեկն է, որը չի կարելի աչքաթող անել` նշում է Ռուբեն Բաղդիշյանը։ Դեպի Արցախ տուրերը վերականգնվեցին մեկ պարզ պատճառով՝ հայրենիքը պետք է ճանաչել․

«Մեր պատմամշակութային հուշարձանները պետք է ճանաչել, որովհետև միայն դա թույլ կտա իրապես հասկանալու այն սերը, որը տածում ենք հայրենիքի հանդեպ»։
«Ռադիոլուրի» հետ զրույցում Արցախի ռազմահայրենասիրության, զբոսաշրջության և սպորտի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանն ասում է, որ այս պահին դեպի Դադիվանք տանող ճանապարհին մեքենաների կուտակումներ չկան, յուրաքանչյուր հայ կարող է այցելել վանական համալիր․
«Անվտանգությունը ապահովվում է ՌԴ խաղաղապահ զորքերի կողմից և ոչ միայն զբոսաշրջային ընկերությունների միջոցով այստեղ հասնող մարդիկ են ապահով, այլ նաև անհատ անձիք, որոնք ցանկանում են գալ վանական համալիր»։

Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին գտնվող Հայ առաքելական միջնադարյան վանական համալիր Դադիվանքը ավանդության համաձայն հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից դեռ 1-ին դարում։ Սա մի ողջ պատմություն է, ոչ թե օրերի ու տասնամյակների, այլ հարյուրամյակների, որոնք հերքելը, հանձնելը կամ որտեղ չվերադառնալը հնարավոր չէ։




