
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն անհապաղ սկսում է հումանիտար ծրագրեր իրականացնել՝ օգնելու Արցախյան պատերազմից տուժած երեխաներին և մեծահասակներին: Տեղեկությունը հայտնում է «Ավրորայի» պաշտոնական կայքը։
«Բացի այդ, «Ավրորան» պատրաստ է ընդունել նախագծերի հայտեր, որոնք կօգնեն տուժած երեխաներին, տեղահանված ընտանիքներին և վիրավորներին Արցախի ու Հայաստանի տարածքում: Սկզբնական փուլում հայտերը կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին»,–նշված է հաղորդագրության մեջ:
Առանձնացված առաջին նախագծերն են.
- Աջակցություն Մարտակերտի շրջանի յոթ բնակավայրերից (Նոր Մարաղա, Նոր Այգեստան, Նոր Սեյսուլան, Նոր Կարմիրավան, Նոր Հայկաջուր, Հովտաշեն եւ Նոր Ջրաբերդ) բնակիչների տարհանման համար՝ 10.000 ԱՄՆ դոլար,
- Աջակցություն 15 օր շարունակ Սեւանում, Դիլիջանում, Երեւանում ապաստանած 166 մարդու սննդի կազմակերպման համար (Victory-2020 հիմնադրամի հետ համատեղ)՝ 10.000 ԱՄՆ դոլար
- Աջակցություն Ստեփանակերտի քաղաքապետարանին կենտրոնական շուկան վերականգնելու համար՝ 10.000 ԱՄՆ դոլար,
- Առաջին անհրաժեշտության իրերի 50 փաթեթի տրամադրում Արցախից տեղահանված եւ Հայաստան տեղափոխված երեխաներին (Արարատի մարզ, Global Shapers կազմակերպության հետ համատեղ)՝ 2.050 ԱՄՆ դոլար,
- Կենսական նշանակության դեղորայքի ձեռքբերում Արցախում բնակվող տարեցների համար («Միասին» հիմնադրամի հետ համատեղ)՝ 2.000 ԱՄՆ դոլար:




