
ՀՀ նախագահի և ընդդիմադիր ուժերի առաջարկով՝ վարչապետի պաշտոնավարման դադարեցման և արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորություն այս փուլում իշխանությունը չի տեսնում։ Հիմնավորումները նախ՝ ԱԺ–ի ամբիոնից, հետո լրագրողների հետ զրույցում ներկայացրեց խորհրդարանի փոխնախագահ Լենա Նազարյանը։
-«Եթե անգամ ելքը քաղաքական փոփոխություններն են, ապա, նախ և առաջ, ես կարծում եմ, որ խելամիտ մարդիկ հասկանում են, որ պետք է կայունություն լինի, պետք է որոշակի ժամանակ անցնի։ Դուք չեք կարողանալու գնալ գյուղեր, որտեղ սև ժապավեններ են փակցված և քարոզարշավ անել։ Դա հնարավոր չէ, մարդիկ վշտի մեջ են»։

-Այսինքն` մերժո՞ւմ եք նախագահի առաջարկը։
-Ոչ, ես ասում եմ՝ բոլոր առաջարկվող լուծումները քննարկվում են կառավարության կողմից։ Եթե քաղաքականության մեջ ինչ–որ բան հրապարակային տեղի չի ունենում, չի նշանակում, որ ոչինչ տեղի չի ունենում։ Քննարկումները տեղի են ունենում և խմբակցությունում, և վարչապետի հետ»։
Այս հիմնավորումը չի գոհացնում «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին։ Նրանք հրաժարվում են մասնակցել ԱԺ–ի նիստերին՝ ներկայացնելով օրակարգային ընդամենը մեկ պահանջ։ Քանի որ լիագումար նիստում այդ հարցերը օրակարգում չէին, խորհրդարանի ընդդիմադիր ուժերը կփորձեն լիագումար նիստից հետո՝ երեկոյան, գումարել արտահերթ նիստ՝ իրենց սեփական օրակարգով։ Իհարկե, եթե քվորում ապահովվի։

Նաիրա Զոհրաբյան — ԲՀԿ. «Այս դահլիճում այսօր կարող է և պետք է քննարկվի միայն մեկ հարց՝ ռազմական դրության չեղարկում, Նիկոլ Փաշինյանի հրաժարական»։
Միքայել Մելքումյան — ԲՀԿ . «Չի կարող ուրիշ օրակարգ լինել։ Նոր իշխանություններ՝ նոր բանակցություններ։ Միայն այս օրակարգը կարող է լինել»։
Կարեն Սիմոնյան — ԼՀԿ . «Այն իշխանությունը, որը կրել է պարտություն, չի կարող կերտել նոր հաղթանակներ։ Դրա համար ես իմ գործընկերներին կոչ եմ անում սկսել քննարկումները այս հարցի շուրջ, որովհետև վտանգը դեռ չի հեռացել, վտանգը դեռ առկա է»։
Արման Աբովյան — ԲՀԿ . «Մի հատ արտահայտություն ունեիք, դուք էինք օգտագործում, ասում էիք՝ չեք հասկանո՞ւմ, որ իրավիճակ է փոխվել։ Այո, դուք հիմա չեք հասկանում, որ փոխվել է իրավիճակ ու երկրի ապագան կախված է րոպե առաջ ձեր հստակ քայլերից։ Գնացեք»։
Ընդդիմադիրներից «Լուսավոր Հայաստանը» պնդում է, որ ստորագրված հայտարարությունը չեղարկելու առնվազն 3 հիմք կա։ Դրանց գումարվում են հրադադարից հետո ադրբեջանական կողմի թույլ տված խախտումները․ խոսքը տասը քաղաքացու գերեվարման մասին է։ Այս հարցով Հայաստանն արդեն պաշտոնապես դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Փաստաթղթի չեղարկման իրավական հիմքերի մասին խոսում է «Լուսավոր Հայաստան»–ից պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Ասում եք՝ հայտարարություն եք ստորագրել անելանելի վիճակից ելնելով։ Միգուցե։ Բայց արդյո՞ք գիտեք, որ այդ հայտարարությունը ինքնին՝ 3 հիմքով առ ոչինչ է։ Որպես այդպիսին փաստացի միջազգային պայմանագիր հանդիսանալով ՝ խախտում է Վիեննայի կոնվենցիան միջազգային պայմանագրերի 51–րդ հոդվածը՝ սպառնալիքի ներքո կնքված պայմանագիրը առ ոչինչ է։ Մեր պետական օրենսդրության՝ միջազգային պայմանագիրը վավերացման գործընթաց ունի։ Փաստացի՝ դա շոշափում է այն հարցերը, որոնք միջազգային պայմանագրի կարգավորման տակ են՝ ՀՀ տարածքին առնչվող։ Որևէ մեկդ հասկանո՞ւմ եք, թե այդ հայտարարության տակ ՀՀ ղեկավարը ստորագրելով ի՞նչ բեռ է բերել ՀՀ վրա և ինչ իրավական հետևանքներ պետք է առաջացնի դա ՀՀ համար՝ այդ թվում ֆինանսատնտեսական։ Որևէ մեկդ հասկանո՞ւմ եք, որ միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունք համարվող էթնիկ զտումների արգելքը, որը հիմնարար սկզբունք է համարվում, խախտվել է այս հայտարարությամբ»։
Խորհրդարանական մեծամասնության կողմից այսօր ամենաշատը հնչում էին զգոնության և կայունության կոչեր, զուգահեռ՝ պատասխանատվությունից չհրաժարվելու և չխուսափելու խոստումներ։ Նաև հավաստիացում, որ ներքաղաքական հարցերին բանակը որևէ կերպ չի խառնվելու։
Լիլիթ Մակունց ․ «Այն հայտարարությունը, որը ստորագրվել է 3 պետությունների ղեկավարների կողմից, հայտարարություն է պատերազմի դադարի մասին։ Մենք այս պահին շատ փխրուն վիճակում ենք։ Ի՞նչ խնդիր ենք դնում մեր առջև՝ իհարկե, չբացառելով նաև քաղաքական փոփոխություններ և ինչպիսի՞ քաղաքական փոփոխություններ»։
Անդրանիկ Քոչարյան ․ «Եկեք ֆորսմաժորներից փախչենք, թողնենք, որ պետական ինստիտուտները ուշքի գան՝ հատկապես ուժային։ Մենք բոլորով իրար հետ պետք է նստենք, այդ ճանապարհային քարտեզը՝ առաջին հերթին քաղաքական, քննարկենք, բայց մինչև քաղաքականը, մեր անվտանգային համակարգը պետք է բերել պատշաճ մակարդակի։ Ոչ մի արյուն պետք է չթափվի Հայաստանում, մենք Մարտի 1 ենք տեսել։ Բանակը չի կարող մասնակցել ներքաղաքական զարգացումների»։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը կանխատեսում է, որ պատերազմական գոտուց դեռ փորձ է արվելու մեծ քանակությամբ զենք–զինամթերք մտցնել Հայաստան։ Դա կանխելու լրջագույն քայլերի անհրաժեշտություն է տեսնում։ Բայց անգամ այս քննարկումներից հետո փոխըմբռնման մթնոլորտ խորհրդարանում չձևավորվեց, ստի և կեղծիքի փոխադարձ մեղադրանքներ հնչեցին։ Մի կողմից մատնանշվեց, որ նոյեմբերի 10–ին պետական կառույցների շենքեր ներխուժած ջարդադարների մեջ եղել են կոնկրետ կուսակցականներ, տրվեցին նաև անուններ, մյուս կողմից՝ տեղեկությունը հերքվեց հակադարձ մեղադրանքներով։




