
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անրադարձել է ֆեյսբուքյան իր վերջին գրառմանը: Մի շարք արձագանքներ, ըստ նրա, ի ցույց են դնում լարվածության այս շրջանում գործող մանիպուլյատիվ մեխանիզմները:
«Տղե՛րք, դուք ճիշտ եք: Սպասում եմ ձեզ Երևանում»: Այս նախադասությունը գրառման մեջ տեղ է գտել ի պատասխան այն ուղերձների, որոնք նա ստանում է զորացրվող զինվորներից: «Հայտնի իրադարձություններից հետո հենց համացանցում էլ երևում է, որ զինվորներից շատերը զորացրվում են, վերադառնում հայրենիք: Այդ խմբերից շատերը, նույնիսկ ջոկատներ, ինձ ուղերձներ են հղում, որ ուզում են հանդիպել ինձ հետ, և ես հարկ եմ համարել հրապարակային արձագանքել, որ իրենց հետ հանդիպումը կկազմակերպենք»,- ասել է նա:
Գրառման մյուս նախադասությունն է՝ «վերջնականապես լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը»։ Ձևակերպումը կոշտ է, բայց. «Հաշվի առնելով, ինչպես երեկ իմացանք, որ այս արտահայտությունը նաեւ պաշտոնական մարմիններ են օգտագործում իրենց հայտարարություններում, այս ձեւակերպումն օգտագործել եմ, եւ սա նշանակում է, որ առաջնագծի զինվորների վերադարձից հետո եւ նրանց հետ խոսակցության արդյունքում վերջնականորեն կմարեն բոլոր այն խոսակցությունները, որոնք ակտիվ շրջանառության մեջ են դրվում, որոնք այն մասին են, թե Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն ինչ-որ դավադրությունների մեջ է ներքաշված եղել»։
«Ո՞վ, եթե ոչ առաջնագծում գտնված զինվորը գիտի այդ հարցի պատասխանը, եւ ինձ համար շատ կարևոր է շփվել տղաների հետ, լսել նրանց գնահատականները»,- նշել է նա։
Իր խոսքը կարող է մեկնաբանվել տարբեր ձևերով, սակայն գրառման հետ կապված շահարկումները, նրա խոսքով, անտեղին են:
«Ո՞րտեղ է այդպիսի բան գրած, չի կարելի այդպիսի մանիպուլյատիվ մոտեցում ցուցաբերել։ Եթե առաջնագծի զինվորներին քաղաքական կամ ընթացիկ իրավիճակի հանգուցալուծման մեջ ներքաշելու խնդիր լինի, կառավարությունը բոլոր լծակներն ու լիազորությններն ունի։ Ռազմական դրության մասին ռեժիմը հնարավորութուոն է տալիս նաեւ ԶՈՒ-ին ներգրավել՝ աջակցելու, հասարակական կարգը պահպանելու եւ այլ հարցերում։ Դրա համար սոցցանցում գրառում անելու անհրաժեշտություն կա՞, եթե նույնիսկ այդ տրամաբանությամբ նայել։ Հույս ունեմ՝ մեր հայրենակիցները ճիշտ են հասկացել, իսկ նրանք, որոնք ճիշտ չէին հասկանցել, կվերանայեն իրենց գնահատակնները այս մեկնաբանությունից հետո»,- ասել է Ն. Փաշինյանը։




