ԿարևորՀասարակություն

«Դավաճանության» և «փրկության» անպատասխան պայքարի արանքում

Հայաստանի կառավարման համակարգն աստիճանաբար վերադառնում է բնականոն աշխատանքի։ Աշխատանքային նորմալ ռեժիմի մասին երեկ հայտարարել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն էլ գրառում էր կատարել մի քանի օրից բնականոն աշխատանքի վերադառնալու մասին։ Հաջորդ շաբաթ, ըստ ժամանակացույցի, ԱԺ–ի լիագումար նիստ է։

Ներքաղաքական կյանքը, սակայն, բնականոն հուն չի մտնում։ Հրադադարի եռակողմ փաստաթղթից դժգոհությունները շարունակվում են, ինչպես նաև շարունակվում են ընդդիմադիրների հանրահավաքները։

ԱԺ շենքում խորհրդարանի մեծամասնությունն ու ընդդիմությունը չեն տեսնում միմյանց։ Այն դեպքում, երբ ընդդիմադիրները հայտարարում են, որ մի քանի օր է, ինչ իշխանական խմբակցությունից ոչ մի պատգամավոր շենքում չէ, «Իմ քայլ»–ից Անդրանիկ Քոչարյանը պնդում է՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները մշտապես աշխատավայրում են եղել։ Բացառություն էր ընդդիմադիրների նախաձեռնությամբ հրավիրվող արտահերթ նիստի ժամանակահատվածը։

Քոչարյանի կարծիքով՝ փրկության կոմիտեների ժամանակը 90–ականներում էր։ Կարծում է՝ այսօր պետք է շարժվել սահմանադրական ճանապարհով, բայց առաջին հերթին դասեր քաղելով՝ պաշտպանական համակարգում խզումները բացառելու ուղղությամբ։ 40 օրից ավելի տևած պատերազմում բանակը ունեցել է մեծ կորուստներ՝ թե սպառազինության, թե կառավարման, թե մարդկային՝ ասում է․

«Պետք է գնանք հստակ քաղաքական լուծումների ճանապարհով։ Բայց քաղաքական լուծումները, ինչպիսին էլ որ լինեն, դրանք պետք է խոչընդոտ չլինեն, մեր զինված ուժերի այսօրվա մարտական հերթափոխի կառավարման վրա որևէ բացասական ազդեցություն պետք է չլինի։ Շատ են տեսակետները՝ կանչենք ԳՇ պետին։ ԳՇ պետը այսօր ամենազբաղված մարդն է։ Ճիշտ հասկացեք․ Թուրքիայի ախորժակը փակվե՞ց։ Պարզապես զսպվեց։ Հիմա տեսեք, Ադրբեջանում տեսակետներ են՝ ոնց որ թե Ղարաբաղը չանցավ Ադրբեջանին, անցավ Ռուսաստանին։ Այդպիսի տեսակետներ են հնչում։ Խոսում են այն մասին, որ հաղթում էին, կարող էին ամբողջը վերցնել, ինչի՞ կանգնեցին։ Ոնց որ այն ժամանակ՝ 94–ի զինադադարից առաջ նախկին իշխանություններին մեղադրում էին՝ ինչի՞ զինադադարի պայմանագրի գնացին, եթե կարող էինք Բաքու հասնել։ Բայց աշխարհի իրողությունները կապված չեն քաղաքական կուսակցությունների ցանկությունների սպասարկման հետ»։  

17 կուսակցություններն այսօր կրկին հանրահավաք են հրավիրել Ազատության հրապարակում։ Ձերբակալված կուսակցապետերից մի քանիսը երեկ երեկոյան ազատ էին արձակվել, բայց այսօր կրկին հրավիրվել էին արդեն Հատուկ քննչական ծառայություն ճիշտ այն ժամին, երբ նշանակված էր հանրահավաքը։ Ազատության հրապարակում, սակայն, աստիճանները դատարկ չէին։ Ցուցարարները այնտեղ տեղադրել էին «Իմ քայլը» խմբակցության բոլոր պատգամավորների նկարները «դավաճանի» պիտակով։  

Երկու բևեռների արանքում հայտնված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական խորհրդակցությունների միջոցով է փորձում հասկանալ իր հետագա անելիքները։

«Հնարավոր է, այդ բևեռացումը գնա բացարձակապես ոչ ցանկալի ճանապարհով։ Այս երկրին այս պահին անհրաժեշտ է բացարձակապես կայունություն։ Եթե կան քաղաքական խնդիրներ՝ չբացահայտված, բացահայտումների կարիք ունեցող, պահանջներ՝ հասարակության փոքր կամ ստվար մասից, ապա մենք քաղաքակիրթ ժողովրդի նման պետք է այդ բոլոր հարցերը քննարկենք և լուծենք։ Այդ խնդիրները պետք է լուծվեն միայն և միայն օրենքի, օրինականության և պետականության սահմաններում։ Ռուսական խաղաղապահ ուժերը արդեն գտնվում են տեղում և սկսվել է այն պրոցեսը, որ ստորագրված փաստաթղթով ենթադրվում է։ Նշանակո՞ւմ է, արդյոք, որ սրանով ամեն ինչ վերջացած է։ Եթե ինձ եք հարցնում՝ ոչ, իհարկե։ Ինչու։ Սա զինադադար է։ Շատ արագ պետք է անենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը նորից վերադառնա ՄԽ, որին տրված է մանդատ որոշելու Արցախի վերջնական կարգավիճակը։ Բայց սա բավարար չէ։ Որպեսզի այդ բանակցությունները հաջողության հասնեն, բանակցությունների հետևում պետք է կանգնած լինի ուժեղ և հզոր Արցախը և Հայաստանը։ Եվ հայ ժողովուրդը»։

Այս ամենի ֆոնին դեռևս անհանգիստ է նաև Ստեփանակերտի ներքաղաքական իրավիճակը։ Մի շարք պաշտոնյաներ են ազատման դիմում ներկայացրել։ Բոլորը Սամվել Բաբայանի գլխավորած «Միասնական Հայրենիք» կուսակցությունից են։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի խորհրդարանի խմբակցությունների հետ է քննարկել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը եւ եռակողմ հայտարարության դրույթները: Վերահաստատել է, որ նաև ինքն է դիմել Հայաստանի վարչապետին՝ ջանքեր գործադրել պատերազմական գործողությունները դադարեցնելու համար:

Կարդացեք նաև

Back to top button