ԿարևորՀասարակություն

Պատերազմի ողջ ընթացքում զոհվել է 28 ոստիկան․ մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական զորքերի ու վարձկան ահաբեկիչների լայնածավալ ռազմական գործողությունների առաջին օրերից ոստիկանության զորքերի շուրջ 3000 ծառայող հերթափոխերով մեկնել է ռազմաճակատ։ Նրանք մասնակցել են Քարվաճառի, Հաթերքի, Ջրականի, Բերձորի պաշտպանական մարտերին։

Ծանր են եղել մարտերը հատկապես Շուշի-Լիսագոր ավտոճանապարհի հարակից տարածքում, և ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, դրանց ընթացքում ոստիկանության զորքերն ունեցել են 2 զոհ, 26 վիրավոր, և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 42 ծառայող։

Հայրենիքի պաշտպանությանն են միացել նաև ոստիկանության կենտրոնական ապարատի, հատուկ նշանակության վարչության, պարեկապահակետային ծառայության գնդի, մարզային և տարածքային բոլոր ստորաբաժանումներից ծառայողներ։ Մի քանի հերթափոխով Արցախ է մեկնել ևս 3200 ոստիկան, որոնցից անմահացել են 26-ը, վիրավորվել 124-ը և մինչ այս պահը անհետ կորած է համարվում 1-ը։ Նրանք Ջրականի, Բերձորի, Շուշիի ու Մարտակերտի շրջանի տարբեր հատվածներում են եղել։

Պատերազմի ողջ ընթացքում ռազմի դաշտում ընկել է ազգի նվիրյալ 28 ոստիկան, վիրավորվել 150-ը, և մինչ այս պահն անհետ կորած է համարվում ոստիկանության 43 ծառայող։

Բացի այդ, ոստիկանության զորքերի ու ոստիկանության տարածքային ստորաբաժանումների շուրջ 1000 ծառայող մասնակցել է Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը՝ զուգահեռ հանրապետությունում իրականացնելով իր անմիջական պարտականությունները։ Կանխվել և բացահայտվել են հանցագործություններ, պահպանվել են հասարակական կարգն ու անվտանգությունը, այդ թվում՝ ճանապարհային երթևեկության, իրականացվել է հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանք, զինծառայողների ու կամավոր ջոկատների ուղեկցումներ դեպի ռազմաճակատ, ինչպես և ոստիկանները ներգրավված են եղել զորահավաքի կազմակերպչական աշխատանքներին։

Միաժամանակ, ոստիկանական մեծաքանակ ուժերի՝ առաջնագծում գտնվելու պատճառով հնարավոր են դարձել նոյեմբերի 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած անկարգությունները։ Ոստիկանությունից վստահեցնում են, որ դրանց բոլոր կազմակերպիչներն ու հեղինակները հայտնաբերվելու են և ենթարկվելու են պատասխանատվության:

Կարդացեք նաև

Back to top button