
Ֆրանսիան կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի` ԼՂ հարցով հաջորդ շաբաթ Մոսկվայում, ապա` Նյու Յորքում` ՄԱԿ-ում նախատեսված հանդիպումներին: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ՝ ելույթ ունենալով Սենատում:
«Լեռնային Ղարաբաղում հրադադարը լավ նորություն է, բայց այն պետք է ամբողջությամբ պահպանվի»- ասել է նա՝ նշելով, որ «այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա անհրաժեշտ է շարժվել դեպի հակամարտության կարգավորումը»: Նախարարը հիշեցրել է, որ Մինսկի խումբը ստեղծվել է այս ճգնաժամը լուծելու համար և այժմ շարունակում է իր գործունեությունը:
«Այն համանախագահում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն և ես», — ասել է նախարարը և տեղեկացրել, որ հաջորդ շաբաթ, խմբի նախաձեռնությամբ, հանդիպումներ են նախատեսվում Մոսկվայում և Նյու Յորքում:




