ԿարևորՔաղաքական

Ի՞նչի տակ է ստորագրել Հայաստանը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից Փարիզն ու Վաշինգտոնը չեն շտապում մեկնաբանել «խաղաղության» փաստաթուղթը, որը ստորագրվեց Երևանի, Բաքվի և Մոսկվայի միջև։

Փարիզը դեռ ուսումնասիրում է հրադադարի ռեժիմի հաստատման փաստաթուղթը՝  ընդգծելով՝ ցանկացած տևական համաձայնագիր պետք է հաշվի առնի Հայաստանի շահերը։ Թեև ստորագրված փաստաթղթի կետերը հայտնի են, բայց թե ինչ է այն իրենից ներկայացնում՝ դեռ հստակ չէ։

Ֆրանսիայի ԱԳ նախարարի կարծիքով` այն տևական խաղաղության հիմք չէ։ Նախարարը հայտարարում է՝ անհապաղ պետք է վերսկսվեն բանակցությունները ԼՂ կարգավիճակի շուրջ։  Հարց, որ ստորագրված փաստաթղթի որևէ կետում չկա։

Վաշինգտոնում նույնպես դեռ չեն կարող մեկնաբանել հրադադարի կոնկրետ մանրամասները կամ դրան հաջորդող քայլերը: «Ցանկացած հարց, թե ինչպես են կողմերը ընկալում նոր պայմանավորվածությունները, պետք է ուղղված լինեն նրանց»,– ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մորգան Օրթագուսը։ ԱՄՆ–ում շահագրգռված են  ավելին իմանալ նոր պայմանավորվածության եւ դրա իրականացման մանրամասների մասին։

Ստորագրված փաստաթղթի իրավական կարգավիճակը և էությունը դեռ փորձում են հասկանալ նաև վերլուծաբանները։ Նրանցից շատերն այս փուլում խուսափում են թեմայից և փաստաթղթի վերլուծությունից։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը դժվարանում է գնահատել ստորագրված փաստաթղթի իրավական կարգավիճակը։ Իսկ ավելի գլոբալ կարծում է, որ առկա է լայն բնույթի քաղաքական համաձայնություն Ռուսաստանի և Թուրքիայի միջև։ Ստորագրված փաստաթղթում, սակայն, անորոշությունները շատ են։ Դա է պատճառը, որ վերանայումների հավանականություն կա։ Դրա մասին է վկայում նաև փաստը, որ Կրեմլն այսօր փաստաթղթի խմբագրված տարբերակն է հրապարակել, որտեղ առնվազն 4 կետերում վերախմբագրումներ կան։  

«Համաձայնագրում սահմանված դրութները, դրա իրականացումը, բովանդակությունը առաջացնում է բազմաթիվ հարցեր։ Եթե օրինակ նշված ժամանակացույցը չի պահպանվում, ասենք՝ հայկական կողմը հրաժարվում է դուրս գալ համաձայնագրում նշված տարածքներից, ի՞նչ է դրան հաջորդում, ինչպիսի՞ն են մեխանիզմները, ռուս խաղաղապահները որքանով են երաշխիք հենց խաղաղության, այսինքն, որ որևէ դեպքում ռազմական գործողություն չի լինի։ Այս փուլում բովանդակային լայն իմաստով համաձայնագիրը, այդուհանդերձ պրակտիկ իմաստով լուծում է մեկ խնդիր՝ պատերազմի դադարեցումը և ռուս խաղաղապահների՝ որպես չվերսկսելու երաշխիք, տեղակայումը։ Սրանք, իհարկե, արդեն ենթադրում են տարբեր քաղաքական իրողություններ և հնարավոր տարբեր զարգացումներ։ Շատ էական են նաև հայտարարությունները հենց ռուսական կողմից եկող, որ այս համաձայնագիրը պետք է ենթադրի բանակցային գործընթացի մեկնարկ։ Ես կարծում եմ, մենք այստեղ գործ ունենք երկշերտ ինչ–որ իրավիճակի հետ։ Այսինքն՝ համանախագահ երկրներից տարածաշրջանին ամենամոտը և ամենաշատ լծակներ ունեցող Ռուսաստանը զբաղվում է և փորձում է լուծել պատերազմի դադարեցման հարցը, հետո արդեն հարցը վերստին կբարձրանա բանակցային մակարդակում ՄԽ համանախագահության հարթությունում»։

Վերլուծական միջազգային հանրությունից ռազմական հարցերով վերլուծաբան Մայքլ Քոֆմանի կարծիքով՝ ստորագրվածը հրադադարի ռեժիմի հաստատման ռազմական համաձայնություն է, ոչ թե՝ քաղաքական պայմանագիր, որը պետք է ներառի Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Վերլուծաբանը չի բացառում, որ բանակցություններին կրկին կներգրավվի ՄԽ–ն, սակայն, մյուս կողմից ստեղծված նոր իրավիճակն ու ռուսական զորքերի խաղաղապահ առաքելությունը, ըստ նրա, Մոսկվային տալիս է գերակա առավելություն այս հարցում։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն, պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում համեմատեց հրադադարի հաստատման 94–ի և այսօրվա փաստաթղթերը։ Նախորդի համեմատ այսօրվա փաստաթղթում բացակայում են հայկական կողմի շահերն ու Արցախի ստորագրությունը։

«Պարզ է, որ այն առաջացնում է հիմնականում առայժմ ավելի քիչ ընկալում և ավելի շատ հիասթափություն։ Եթե մենք դա դիտարկում ենք որպես միջազգային պայմանագիր, Սահմանադրությամբ պետք է անցնի հստակ ընթացակարգ։ Մենք այսօր տեսնում ենք էական դժգոհությունը, որը ներկայացված է հասարակության մի մասի կողմից, մենք չգիտենք հանրության արձագանքը Արցախում և դա այն դիրքորոշումն է, որը ևս անհրաժեշտ է հաշվի առնել։ Եվ, վերջիվերջո, հասկանալով կարգավիճակը տվյալ փաստաթղթի, ևս կարող են ենթադրել տարբեր սցենարները։ Այն, ինչ փորձում է ներկայացնել վարչապետը և կառավարությունը, կայանում է նրանում, որ փաստաթուղթը ըստ էության այն է, ինչի վրա անհրաժեշտ է շարունակել աշխատանքը։ Այն, ինչ ներկայացնում է ընդդիմությունը՝ տվյալ փաստաթղթի չեղարկումն է և այստեղ հենց հարցն է՝ որն է այն կառուցողական ծրագիրը, որը մենք ներկայացնում ենք կապված հետագա զարգացումների հետ։ Չկատարել տվյալ փաստաթղթի կետերը լինելու է իրոք շատ լուրջ «չելենջ», փոփոխություն մեր քաղաքականության համար»։

Թեև ռուս խաղաղապահներն արդեն տեղակայվում են Ղարաբաղի նախանշված տարածքներում, բայց գործողությունների հարցում հստակություն այս պահին չի մտցնում նաև Մոսկվան։ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործառույթները, ներառյալ նրանց մշակութային և կրոնական օբյեկտների պաշտպանության հարցը, դեռ պետք է պարզվեն, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Կրեմլի խոսնակը հավելել է, որ ելնելով խաղաղապահ զորակազմի հիմնական գործառույթներից ՝ ռուս զինվորականները «կապահովեն հրադադարի ռեժիմի պահպանում և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում»: Նա նշել է, որ այլ մանրամասներ դեռ պետք է հստակեցվեն։

Կարդացեք նաև

Back to top button