
Հայաստանում հանրության կողմից միանշանակ չընդունվեց Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված «խաղաղության» փաստաթուղթը։ Խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կողմից փորձ արվեց փաստաթուղթը չեզոքացնել ԱԺ–ում, բայց նրանց քայլերն այդ ուղղությամբ անարդյունավետ էին։
Փոխարենը` 17 կուսակցությունների խորհուրդը վաղը Ազատության հրապարակում հրավիրվելիք հանրահավաքում ներկայացնելու է ստեղծված իրավիճակից ելքը:
Խորհրդարանում այսօր չհաջողվեց գումարել արտահերթ նիստ։ Դեռ գիշերվանից նման պահանջով հանդես էին գալիս ԱԺ 3 խմբակցություններից երկուսը՝ «Բարգավաճ Հայաստան»–ը և «Լուսավոր Հայաստան»–ը։ Ընդդիմադիր ուժերը այդ նիստով ցանկանում էին չեզոքացնել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթուղթը։
Խորհրդարանական երկրում որոշումներ ընդունելու տրամաբանությունը հենց ԱԺ շենքում է, կարծում են ԼՀԿ–ից Էդմոն Մարուքյանն ու ԲՀԿ–ից Նաիրա Զոհրաբյանը․
Էդմոն Մարուքյան . «Եթե մենք չկարողանանք գումարել արտահերթ նիստ, մենք չենք կարող ոչ մի որոշում կայացնել, մենք չենք կարող փոխել ոչ մի ընդունված որոշում։ Մենք ոչինչ չենք կարող անել իրավական, լեգիտիմ ճանապարհով։ Ոչ լեգիտիմ ճանապարհով արված ցանկացած քայլ ապագա չի ունենա, երկիրը ավելի կմխրճի քաոսի մեջ և մենք իրապես այն ռեսուրսները ունեցող երկիրը չենք, որ մեզ նման շռայլություններ թույլ տանք»։
Նաիրա Զոհրաբյան . «Մենք հիմա փորձում ենք իրավաբանների հետ հարցը քննարկել ՝ որքանով ԱԺ–ն քննարկել, չեղարկել ստորագրված ես չգիտեմ դա ինչ է՝ պայմանագիր չէ, փաստաթուղթ չէ, հայտարարություն, երևի այդպես կարող ենք ենթադրել։ Բայց անգամ չլինելով իրավաբան, ես կարծում եմ, որ մենք խորհրդարանական պետություն ենք, և բոլոր հարցերն ու որոշումները պետք է կայացվեն այս դահլիճում»։

Բացի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների անդամներից քվորում ապահովելու համար անհրաժեշտ էր նաև խորհրդարանական մեծամասնությունից առնվազն 25 պատգամավորի ներկայություն։ «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավորները այդպես էլ չգնացին խորհրդարան, բայց նրանց աշխատասենյակներն ու աշխատատեղերը դատարկ չմնացին։ Խորհրդարան մուտք գործած ցուցարարները եղան ամենուրեք՝ ջարդուփշուր արված գույք, խառնած սենյակներ, թափված փաստաթղթեր։ Այսպիսի իրավիճակ էր ԱԺ–ում։
—Մենք պատրաստ չենք հող հանձնելու, պետք է դիմենք ու գնանք սահման։
—Երկու ժամ ժամանակ պետք է տանք։ Պատգամավորները պետք է նիստ գումարեն ու պահանջեն Նիկոլի հրաժարականը։
—Պետք է ձևավորենք ժամանակավոր կառավարություն։
Իրավիճակը և առաջարկվող լուծումները երբեմն քննարկվում էին տեղում։ Ցուցարարների հատկացրած ոչ 30 րոպեում, ոչ էլ 2 ժամում խորհրդարանական մեծամասնության պատգամավորները չհավաքվեցին։ Ցուցարարներն անգամ փորձեցին նրանց բնակության վայրն ու հասցեները ճշտել՝ պատգամավորներին խորհրդարան բերելու մտադրությամբ։ Բայց մինչ այդ` «Իմ քայլ»-ից պատգամավորներն արդեն տեղեկացված էին, թե ինչպես են ցուցարարները վարվել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ։
ԱԺ նախագահին վնասվածքներով տեղափոխեցին հիվանդանոց, վիրահատեցին և երկու անձ ձերբակալվեց։

Իսկ պատերազմը կանգնեցող փաստաթղթի ստորագրումից հետո որոշակի հարցեր առաջացել են նաև «Իմ քայլը» խմբակցության ներսում։ Այս ամենին տեղեկանում ենք բացառապես պատգամավորների ֆեյսբուքյան գրառումներից։
«Իմ քայլ»–ից պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն օրինակ Նիկոլ Փաշինյանի ուղերձում չի ստացել իր համար ամենակարևոր հարցերից մեկի պատասխանը՝ ինչո՞ւ ․․․ Ըստ պատգամավորի՝ որոշումից տեղյակ չի եղել ոչ միայն երկրի նախագահը, այլև՝ երկրի խորհրդարանի 90%–ը։ Սոֆյա Հովսեփյանը պնդում է, որ պարզ խոսելու անհրաժեշտություն կա, առանց պառակտումների։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի կարծիքով՝ «բանակն արեց հնարավորն ու անհնարինը ուժերի առկա հարաբերակցության պայմաններում»։
Վիրավոր Արցախը, այնուամենայնիվ, կանգնուն է և, պատգամավորի կարծիքով, դա վերածնվելու հույս է տալիս։




