
Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով, հայտարարում է Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը:
«Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար», — Ilur.am-ում իր հայտարարության մեջ նշել է Տեր-Պետրոսյանը։
Առաջին նախագահը հույս է հայտնում, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես «պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»։




