
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմ կտեակայվի Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի Հանրապետության Նախագահ Ալիևը, ՀՀ վարչապետ Փաշինյանը ստորագրեցին հայտարարություն, որով հայտարարում են ԼՂ հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունները 00․00-ից (Մոսկվայի ժամանակով) դադարեցնելու մասին», — ասել է ՌԴ նախագահը։
Ըստ նրա՝ Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը դադարեցնում են ռազմական գործողությունները՝ կանգ առնելով իրենց գրավված դիրքերի վրա։
«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ կապող միջանցքի երկայնքով», — նշել է Պուտինը:
Նա հավելել է, որ «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո»:
«Իրականացվում է ռազմագերիների, այլ կալանավորված անձանց և մահացածների մարմինների փոխանակում: Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաարգելափակվում են: Տրանսպորտային հաղորդակցությունների նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի սահմանապահ ծառայության իշխանությունների օժանդակությամբ», — ասել է Վլադիմիր Պուտինը:
«Մենք ելնում ենք այն նախադրյալից, որ ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ պայմաններ կստեղծեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ճգնաժամի երկարաժամկետ և լիարժեք ձևով լուծման համար `արդար հիմքերով և հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից ելնելով», — նշել է ՌԴ նախագահը։




