
Մեկ շաբաթում ավելի քան 14 հազար մարդ միայն Հայաստանում համոզվեց, որ արժեր կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահել սոցիալական հեռավորություն։ Կորոնավիրուսի թեստ հանձնող ցանկացած երկու մարդուց մեկը դրական պատասխան ստացավ ու բոլորս իմացանք՝ եթե կա ախտանշան՝ մոտ 50 տոկոս հավանականությամբ կա նաև վարակ։
Հաստատված նոր դեպքերն ամեն օր քառանիշ թվով ենք ներկայացնում, օրվա մահերը՝ երկնիշ։
Իսկ արդյունքում՝ Հայաստանում 7 օրում 189 մարդ է մահացել։
«Մենք, իհարկե, աճ սպասում էինք, բայց ոչ քառապատիկ, հնգապատիկ աճ։ Հիմա թթվածնի ևս 4 մեծ կայան ենք գնել, որը ճանապարհին է, ինչպես նաև մոտ 500 թթվածնային խտացուցիչներ, որոնք ևս ճանապարհին են և փորձելու ենք հնարավորինս արագ հասցնել, որպեսզի պահանջարկը ապահովենք»։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տվյալները այսօր հայտնեց լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում։ Նախարարի ներկայացրած տվյալները ամեն օր ներկայացվող վիճակագրությունից պակաս մտահոգիչ չեն․ 861 վարակակիր ռեսուրսների բացակայության պատճառով սպասում է հոսպիտալացման իր հերթին, ունենք մոտ 1100 ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող վարակակիր։
«Իրականում մեր խնդիրը ոչ թե սարքի դեֆիցիտն է, այլ թթվածնի, որը հիմա համաշխարհային դեֆիցիտ է։ Մեր երկրի թթվածային ռեսուրսները աշխատում են սահմանի վրա, ռուսերեն ասած՝ на пределе։ Մենք տիտանական ջանքեր ենք գործադրում, որպեսզի հանկարծ որևէ խափանում չլինի և նաև փորձում ենք նոր հզորություններ ձեռք բերել»։
Առողջապահության նախարարը վստահեցնում է, որ համակարգն անում է այս պահին հնարավոր առավելագույնը։ Այժմ առավելագույնը անելու` չվարակվելու և չվարակելու հերթը քաղաքացիներին է։
«Եթե խոսքը վերաբերում է, օրինակ, նոր մահճակալային տեղեր ունենալուն, մենք սրանից ավելի մահճակալային տեղ ֆիզիկապես չենք կարող ունենալ։ Բազմիցս նշել եմ՝ դա միայն մահճակալը չի, կամ հիվանդանոցի պատերը չեն։ Դա բժշկական անձնակազմն է առաջին հերթին, երկրորդ հերթին՝ թթվածինն է, որը սահմանային վիճակում է։ Մահերը քչացնելու միակ տարբերակը քիչ թվեր ունենալն է»։

Կորոնավիրուսի վարակի շեշտակի ակտիվացումը հատկապես մտահոգիչ է դառնում ռազմական գործողությունների ակտիվ ընթացքի ֆոնին։ Սահմանափակ ռեսուրսները խնայելն անհրաժեշտություն է, իսկ դա կարելի է անել սեփական առողջության մասին հոգ տանելով։ Առողջապահական ոլորտի պատասխանատուն վստահեցնում է՝ այս մասով այժմ խնդիրներ չունենք, սակայն զգոնությունը միշտ է պետք պահել․
«Վիրավորների բուժօգնությունը կազմակերպվում է պատշաճ, դրանում ներգրավված են տասնյակ քաղաքացիական հիվանդանոցներ Երևանում և Երևանից դուրս։ Որևէ մերժում կամ բուժօգնության ուշացում զինծառայողներին չի եղել և չի կարող լինել, որովհետև մենք ունենք հավելյալ պլանավորված ռեսուրսներ տարբեր զարգացումների համար»։
Ինչքան էլ մենք պատրաստ լինենք իրադարձությունների տարբեր զարգացումների՝ չպիտի մոռանանք՝ մեկ շաբաթում ավելի քան 14 հազար մարդ միայն Հայաստանում համոզվեց՝ արժեր կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահել սոցիալական հեռավորություն։
Արժե սրանում համոզվել նախքան կորոնավիրուսի թեստի դրական պատասխան ստանալը։




