
«Շուշիի և հարակից հատվածների նկատմամբ որևէ կողմ լիարժեք վերահսկողություն չունի, քաղաքի համար մարտերի ելքը, ամենայն հավանականությամբ, մինչև վաղը կվճռվի», — Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և շրջակայքում։
«Մեր զորքերը հերոսական պայքար են մղում Շուշին պաշտպանելու և որոշ դիրքերի, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերցնելու ուղղությամբ»,- ասել է Հովհաննիսյանը։
«Երեկ ցերեկը, գիշերը սկսել էին մեծ խմբերով ներթափանցել քաղաք, և մերոնք, կատարելով վերախմբավորում, հակառակ գործողություններ են արել։ Չկա այնտեղ կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն և ունի լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և շրջակայքի տարածքների նկատմամբ։ Բայց ինձ թվում է՝ իրենք չէին պատկերացնում, որ մենք այդպես համառ կդիմադրեինք կոնկրետ Շուշիի համար։ Շուշին մեզ համար շատ թանկ է։
Կարելի է ասել, որ Շուշիի համար առանձին ճակատամարտը, որն արդեն երեք-չորս օր անդադար ընթանում է տարբեր փուլերով, տարբեր հաջողությունների ու անհաջողությունների տատանումներով, վաղը, իմ կարծիքով, կավարտվի։ Չեմ ուզում վաղաժամ գնահատական տալ. իրավիճակը շատ արագ փոխվում է։ Վաղը, ինձ թվում է, կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- նշել է Հովհաննիսյանը։
«Շուշին գերսիմվոլիզացված է, մենք ձգտելու ենք պահել Շուշին: Ալիևն արդեն երազանքն իրականության տեղ է ներկայացնում, բայց մենք չշտապենք, սպասենք մինչև վաղը»,- ասել է նա՝ հավելելով, որ դիվերսիոն խմբերով հարձակումը նախորդ օրերին էին, այսօր արդեն ամբողջ ներկապնակով էին, այդ թվում՝ հրետանիով:
Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ համառ մարտեր են ընթացել Մատաղիսի, Մարտունու, Հադրութի ուղղությամբ։ Հակառակորդը, ըստ նրա, ոչ մի դիրք չի կարողացել վերցնել։




