ԿարևորՄշակույթ

Պաշտպանենք երկիրը ցեղասպան մարդանմաններից․ SOAD–ի երգերը TOP–ում են

15 տարի շարունակ երկրպագուները խնդրում էին գեղեցիկ «բղավող» այս խմբին միասին մտնել ձայնագրման ստուդիա։ Երաժշտական անհաղթահարելի կոնֆլիկտը հաղթահարվեց Ղարաբաղյան կոնֆլիկտի ամենաթեժ պահին։ 15–ամյա դադարից հետո աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը աշխարհին երկու նոր երգ տվեց՝ «Պաշտպանել հողը» և «Ցեղասպան մարդանմանները»։

«Հիմա պիտի սա անենք, քանի որ չորսս միասին ասելու բան ունենք»։
«Մենք պիտի հիմա համախմբվենք, քանի որ երբ խոսենք 15 տարվա ընդմիջումից հետո, մարդիկ կլսեն»։

Սերժ Թանկյանի, Դարոն Մալաքյանի, Շավո Օդաջյանի, Ջոն Դոլմայանի ընդհանուր ձայնը Արցախում տեղի ունեցող անարդարությունների մասին է պատմում։ Տարիներ շարունակ գաղափարական տարաձայնությունների պատճառով ընդհանուր ստեղծագործական եզրեր չգտնող երաժիշտները հիմա հաստատ գիտեն՝ ինչ են ուզում։

«Ուշադիր պետք է ըլլանք և պետք է աշխարհին ցույց տանք, որ ասիկա նույն թրքական ռեժիմն ա, որ 105 տարի առաջ մեզի փորձած է ոչնչացնել  և հիմա իրենց ռումբերով փորձում են մեր Արցախի ժողովրդին ոչնչացնել։ Ասիկա շատ կարևոր հարց է մեզ համար»։

Երաժիշտները երգերը ներբեռնեցին ԲենդՔեմփ․քոմ կայքում կցելով նաև նամակ՝ ուղղված երկրպագուներին։

«Այս երկու երգերը խոսում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը ընթանքում է մեր մշակութային հայրենիք Արցախում ու Հայաստանում։Մենք ուրախ ենք կիսվել ձեզ հետ այս երգերով ու հուսով ենք, որ դրանք ձեզ դուր կգան։ Բացի այդ խորհուրդ ենք տալիս շարունակել կարդալ, որպեսզի իմանաք կատարվողի մասին ավելին և հուսով ենք, որ դա անելուց հետո դուք կպատմեք այն սարսափելի անարդարության և մարդկային իրավունքների ոտնահարման մասին, որը տեղի է ունենում հիմա։ Եվ ամենակարևորն ու հրատապը՝ մենք խնդրում ենք ձեզ կատարել փոքր կամ մեծ հանգանակություն, որպեսզի օգնենք նրանց, ովքեր տուժում են մարդկության դեմ մշտապես կատարվող հանցագործություններից»,– ասվում է նամակում։

Այնտեղ երաժիշտները պատմել են պատերազմի, դրա ծագման և ընթացքի մասին։ Ընդամենը մի քանի ժամում միլիոնավոր մարդիկ իմացան ամենակարևորը և ավելի քան 100.000 դոլար հավաքեցին, որն ամբողջովին ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։

«System of a Down–ը տասնյակ միլիոններով ֆանատներ ունի բոլոր աշխարհում և իրենց արթնացնելը և այս հարցի մասին պատմելը, բացատրելը և իրենց ավելի ակտիվացնելը մեզի համար շատ կարևոր պիտի լինի։ Մենք ձեզ հետ ենք, հաղթելու ենք, և ինչ–որ պետք ունեք՝ պիտի անենք մենք, սփյուռքը պատրաստ է և պիտի շարունակենք այս թափը, մեր ակտիվիզմը, մեր աշխատանքը մեր ժողովրդի համար»։

Ահաբեկչական հարցը միջազգային հարց է, բնապահպանական կատաստրոֆան միջազգային հարց է, մարդու իրավունքների հարցը միջազգային հարց է։ Խմբի մենակատար Սերժ Թանկյանն է նշում։ Իսկ Շավո Օդաջյանը ՖՈՔՍ 11 ամսագրին տված հարցազրույցում փորձում է ԱՄՆ–ում բնակվողներին հասկանալի դարձնել արցախյան պատերազմը բացատրելով ․ «Դա նշանակում է ամեն օր արթնանալ այնպես, կարծես դա սեպտեմբերի 11–ի առավոտն է»։

Ինչ կանեիք դուք, եթե ինչ–որ մեկը փորձեր ձեզ  ձեր տանից հանել, հարցնում են երաժիշտները։ Դուք կմնայիք և ոտքի կկանգնեի՞ք։ Դուք զենք կվերցնեի՞ք։ Նրանք պաշտպանում են իրենց երկիրը։

Յութուբում երգերը միլիոնավոր դիտումների շեմը հատեցին հրապարակվելիս ժամեր անց։ Դրանք աշխարհում ամենապահանջված հոլովակների թոփ տասնյակում են՝ ամենավերին հորիզոնականներում։ Սա նշանակում է, որ յութուբը իր յուրաքանչյուր այցելուի առաջարկում է լսել այն մասին, որ հայերը պաշտպանում են իրենց հողը և իմանալ ցեղասպան մարդանմանների մասին։

Կարդացեք նաև

Back to top button