
Երեկ ամբողջ գիշեր մարտերն անընդհատ շարունակվել են՝ հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ։
«Օրվա ընթացքում հյուսիսում, կենտրոնական, հարավային ուղղությամբ, Կարմիր Շուկայի հատվածում թշնամին փոքր խմբերով հրետանու աջակցությամբ, փոքրաքանակ զրահատեխնիկայով փորձել է առաջանալ՝ ձախողվելով և կրելով կորուստներ»,- նշել է Հովհաննիսյանը։
ՀՀ ՊՆ ներկայացուցիչն ասել է, որ օրվա ընթացքում հաջողվել է Շուշիի շրջակայքում օղակել և ոչնչացնել թշնամու առանձին խմբերի։
«Նախորդ գիշեր որոշակի ակտիվություն պահպանում էր նաև թշնամական հրետանին»,- ասել է Հովհաննիսյանը։
Նա նշել է, որ չնայած որոշ տեղերում մարտերը շարունակվում են և շարունակվելու են, բայց իրավիճակն օրհասական չէ։
«Կան տեխնիկական, լոգիստիկ դժվարություններ, բայց թշնամու ոչնչացման օպերացիան Շուշիի շրջակայքում շարունակվելու է»,- ասել է Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը հայտնել է, որ տեղեկություն է ստացել, որ 30 հոգանոց թշնամական մի խմբավորում շրջափակման մեջ է ընկել։ Նրանց մեծ մասը ոչնչացվել է։
«Որոշ թշնամական դիվերսանտներ այսօր փորձել են ժայռերով մագլցել և հասնել Շուշի և ոչնչացել են ժայռերի տակ»,- ասել է ՊՆ ներկայացուցիչն ու հավելել, որ Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի լիսագորյան հատվածն այսօր մաքրվել է ՊԲ կողմից։
Այսօր Կարմիր Շուկայի ուղղությամբ թշնամին փորձել է մատակարարումներ բերել մեքենաներով և ճեղքում իրականացնել, սակայն հետ է շպրտվել, հավելել է Հովհաննիսյանը։




