
Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան այսօր ասել է, որ «ըստ ստացվող տեղեկությունների՝ ներկայում իրականացվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի Մերձավոր Արևելքից միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների տեղափոխումը, որոնց ձեռքերը մինչև արմունկներն արյան մեջ են»:
«Ընդ որում՝ խոսքը գնում է ծայրահեղական վարձկանների մասին, նրանք դավանում են ջիհադիստական գաղափարախոսությանը, և այդ ամենը չի կարող մեզ մոտ լրջագույն անհանգստություն չառաջացնել, քանի որ նման իրավիճակի զարգացման հեռանկարում ակնհայտ է նոր ահաբեկչական անկլավի առաջացումն արդեն Անդրկովկասում: Այդ մասին Ռուսաստանը բաց հայտարարել է անմիջապես, երբ ստացել ենք համապատասխան տեղեկություններ»,- ըստ ՏԱՍՍ-ի ասել է Մարիա Զախարովան:
Պաշտոնական Մոսկվան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել թույլ չտալ արտաքին ուժերի միջամտությունը, ինչպես նաև ցուցաբերել ծայրահեղ զսպվածություն և խուսափել քաղաքացիական բնակչության թիրախավորումից:
«Անհրաժեշտ է գործնականում պահպանել հրադադարը և լարվածության թուլացմանն ու խաղաղ կարգավորման հասնելու նպատակով վերսկսել բանակցությունները հիմնարար սկզբունքների հիման վրա»,- ասել է Մարիա Զախարովան:
Ավելի վաղՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Մերձավոր Արևելքից տեղափոխված վարձկանների թիվը մոտենում է երկու հազարի:




