
Միջազգային բոլոր հարթակների համար Հայաստանը պատրաստել է անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք թարմացվում են ամենօրյա ռեժիմով։ Արտգործնախարարությունում համոզված են, որ ապագայում հայկական դիվանագիտությունը հասնելու է արդյունքների` խոսքը պատերազմում Ադրբեջանի կողմից խախտումների մասին է։ Պատերազմական օրերին ԱԳՆ-ում 24- ժամյա ռեժիմով գործում է հատուկ ստորաբաժանում կոնկրետ այս ուղղությամբ։
Պատերազմը հայկական դիվանագիտությանը տվել է ևս մեկ ապացույց բանակցություններում առաջնորդվելու համար։ «Այսօրվա իրավիճակն առավել ընդգծում է մեկ պարզ իրողություն, որը մշտապես եղել է հայկական կողմի գերակայությունը. Արցախը որևէ ապագա Ադրբեջանի կազմում չի ունեցել ու չունի։ Նման իրավիճակում նշանակում է Արցախը առանց հայերի։ Սա առավել ընդգծված է այսօր։ Դա չի լինի»,- այսօր ԱԺ–ում հայտարարել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների մեծ մասն այսօր հատկացվեց պատերազմի դիվանագիտության ուղղությունները հասկանալուն։
Նոյեմբերի 5, առավոտ, Շուշի․ 6 օր է անցել հրադադար հաստատելու 3–րդ փորձից՝ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններից»
Ռուս ռազմական թղթակից Ալեքսանդր Խարչենկոն տեղում է համոզվել՝ ժնևյան ոչ մի պայմանավորվածություն Ադրբեջանը չի պահում, թիրախավորում է հատկապես քաղաքացիական օբյեկտները։ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը արդեն օրվա ընթացքում հայտարարեց․
«Երեք անգամ մենք ունենք իրավիճակ, երբ Ադրբեջանը անկարող է լինել պատասխանատու և հետևողական իր համաձայնությունը իրականացնելու համար»։
Ադրբեջանի անկարողությունը գալիս է Թուրքիայի ուղղորդումներից, հստակեցնում է նախարարը։ Հրադադարի հաստատման տապալված փորձերից հետո այս շրջանում դեռ չի խոսվում ոչ Փաշինյան–Ալիև, ոչ էլ արտգործնախարարների հնարավոր հանդիպումների մասին։ Բայց Հայաստանը շարունակելու է աշխատել զինադադար կնքելու և ամենակարևորը՝ վերիֆիկացիոն` այսինքն հսկող մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, հաստատում է արտգործնախարարը։

Միաժամանակ, անդադար աշխատանք է տարվում միջազգային ատյաններում հակառակորդի վայրագությունները ներկայացնելու և քրեաիրավական արդյունքի հասնելու համար։ Վարձկանների և ահաբեկիչների գործոնը տարածաշրջանում նոր ուղղություններով աշխատանք է ենթադրում։ Արտգործնախարարությունում կա ստորաբաժանում, որը 24 ժամ զբաղված է այդ հարցերով, հաստատում է փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը։
«Արտգործնախարարության կողմից պատրաստվել են առանձին զեկույցներ, որոնք ամեն օր թարմացվում են և հենց այդ զեկույցների հիման վրա էր, որ օրինակ վերջերս Մարդու իրավունքների հանձնակատարը արեց իր հայտարարությունը։ Բնականաբար, մենք ավելի քան վստահ ենք, որ կունենանք շոշափելի արդյունքներ՝ օբյեկտիվ գնահատական և համապատասխան իրավական ակտեր։ Այդ պրոցեսները արագացնում ենք՝ թե մարդու իրավունքների կոնտեքստով, թե տեռորիզմի և վարձկանների։ Դրա արդյունքները կլինեն, բայց ես չեմ կարող խոստովանել, որ դա կլինի այսօր կամ վաղը։ Մի փոքր ժամանակ է պետք դրա համար»։
Ժամանակը պետք է միջազգային ատյաններում անհրաժեշտ ընթացակարգերը անցնելու համար։ ՄԱԿ–ի միջազգային դատարանում, ՄԻԵԴ–ում, թե որևէ այլ հարթակում որևէ քայլ անելուց առաջ Հայաստանը նախ գնահատում է այդ միջոցով ունեցած նպատակին հասնելու հավանականությունը։ Պատերազմական իրավիճակում հայկական դիվանագիտությունը պատրաստ է տարբեր հարթակներում ապացուցողական և պահանջատիրական քայլերի։ Զոհրաբ Մնացականյան․
«Մեզ մոտ բավականին խորացած, ընդարձակ և ընդհանրապես շատ բաներում ամեն ինչը պատրաստ է։ Մնում է միայն կոճակը սեղմել։ Յուրաքանչյուր կոճակ սեղմելը պահի, նպատակի գնահատման վրա է հիմնված։ Եվ այո, մեզ մոտ կա նաև բավական լավ համալրված ծավալ»։
Այս ամենը կգործի թե պատերազմի ընթացքում, թե դրանից հետո։ Բայց խաղաղության բանալին բոլորովին այլ տեղ է․ սա էլ փոխարտգործնախարարներից Շավարշ Քոչարյանի կարծիքն է․
«Գիտեք ինչ, երբ պատերազմ է, ակնկալել, որ ինչ- որ մեկը պատժելու է և այլն, և այլն ․․․ Ինձ թվում է մենք պետք է կենտրոնանանք մեկ բանի վրա՝ հաղթանակ։ Այդ ե՞րբ է եղել, որ պատերազմի ժամանակ դիվանագիտական լուծում է եղել որևէ հարցի։ Ակնհայտ է՝ քանի կան ռազմական գործողություններ, մեր խնդիրը ռազմադաշտում է։ Մնացածը, իհարկե, աշխատանքը կատարվում է ու նաև կկատարվի հաղթանակից հետո էլ, որովհետև բազմաթիվ ռազմական հանցագործություններ են կատարվել ։ Բայց այսօր համար մեկ խնդիրը` համախմբված հասնել հաղթանակի»։

Ինչ որ պետք է արվում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից հետո սկսված խորհրդակցություններում, ասում են արտգործնախարարն ու նրա տեղակալները։ Չեն բացահայտում, թե ով է մասնակցում այդ խորհրդակցություններին և ինչ փուլում է այն։
Արտգործնախարարը հստակեցնում է՝ բարեկամների պակաս չունենք աշխարհում։ Իսկ պատերազմը ապագայում վերանայումների անհրաժեշտություն կառաջացնի։ Նախարարի ասածը չի վերաբերում որևէ կառույցից հեռանալուն կամ նոր կառույցներ ինտեգրվելուն։ Խոսքն ավելի շուտ առնչվում է Ադրբեջանի անհեռատես քայլին՝ տարածաշրջան ահաբեկիչներ մտցնելուն, ինչի ուղղությամբ արդեն անհրաժեշտ են նոր ձևաչափերով նոր աշխատանքներ։




