ԿարևորՄիջազգային

Բողոքի ակցիաներ` տարբեր երկրներում Իսրայելի դեսպանատների առաջ

Երուսաղեմում հայ համայնքի ներկայացուցիչները խաղաղ երթ են իրականացրել Սրբոց Հակոբյաց միաբանության շենքից մինչև Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուիի բնակավայր: Ակցիայի մասնակիցները հանդես են եկել դատապարտող ելույթներով, որոնք հնչել են հայերեն, անգլերեն և եբրայերեն։ Նրանք մտադիր են իրենց ձայներով ողողել ամբողջ երկիրը և շարունակել պայքարը այնքան, քանի դեռ երկրի իշխանությունները չեն դադարել զենք վաճառել Ադրբեջանին։

Ադրբեջանին զենքի վաճառելու դեմ ակցիային միացել են նաև Թել  Ավիվի հայերը, որոնք կոչ են արել Իսրայելին զգույշ լինել, քանի որ այն, ինչ կատարվում է Արցախում, վաղը կարող է լինել նաև Իսրայելում, եթե իշխանությունները չդատապարտեն Ադրբեջանի ահաբեկչությունը։

Նույն պահանջով փողոց էին դուրս եկել նաև Բուենոս Այրեսի հայերը։ Արգենտինայում նրանք երթ են կազմակերպել դեպի Իսրայելի դեսպանության շենքը։ Նույն կոչն ուներ նաև իսպանահայերի բողոքի ակցիան։ Վալենսիայում հայերը պահանջում են իշխանությունից դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային, չլռել ու միանալ իսպանական այն քաղաքներին, որոնք դատապարտել են թուրք–ադրբեջանական ագրեսիան և ճանաչել Արցախի անկախությունը։

Ամերիկահայ համայնքի ձայնն էլ հնչել է Լոս Անջելեսի զբոսաշրջային կենտրոնում։ Մի քանի ժամում մի քանի հազար մարդ է հավաքվել  Հոլիվուդի աստղերի պողոտայում՝ Դոլբի թատրոնի շենքի առջև։ Ամերիկահայերը դիմել են հոլիվուդյան աստղերին՝ պահանջելով հանդես գալ Արցախում քիմիական զենքի կիրառման դեմ։

Հայերն ակտիվ էին նաև Փասադենա քաղաքում։ Այստեղ հայ համայնքը իրազեկման լուռ ակցիա էր կազմակերպել՝ օտարերկրացիների ուշադրությունը բևեռելու Արցախում տեղի ունեցող թուրք–ադրբեջանական վայրագությունների վրա։

Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում Արցախի խաղաղության համար պատարագ է մատուցվել: Հայր Կարապետ Ղարիբյանը հայտնել է, որ պատարագներն անցկացվում են ամեն շաբաթ: Եկեղեցական արարողություններին մասնակցում են հայկական համայնքների ներկայացուցիչները: Հայերն աղոթում են խաղաղության, ռազմական հակամարտության շուտափույթ կարգավորման և Արցախում խաղաղության համար:

Հանրահայտ նյույորքաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, որն այս օրերին Հայաստանում է, ևս մեկ անգամ իր հետևորդների և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է հայերի դեմ թուրք-ադրբեջանական ահաբեկչական գործողություններին: «Մշտական հրթիռակոծությունները և ռմբակոծությունները, բացի մարդկային կյանքերից,  ավերել են մեր բոլոր քաղաքներն ու գյուղերը․ այժմ նրանք սպիտակ ֆոսֆոր պարունակող ռումբեր են կիրառում, որոնք այրում են անտառներն Արցախի բոլոր շրջաններում: Թուրքիան դարձել է ամենամեծ ահաբեկչական գործակալությունն աշխարհում, իսկ Ադրբեջանն՝ այն հյուրընկալող երկիրը»,- ասել է նկարիչը։

Այս օրերին սոցցանցերում խաղաղության ու լավատեսության սիմվոլ է դարձել ամերիկաբնակ, յոթ տարեկան Հարութը, կամ փոքրիկ Արայիկ Հարությունյանը, որ Արցախի նախագահի նման ժպիտով սուրճ է խմում։  «Ես ուզում եմ Արցախ գնալ․ սուրճ խմել չեմ կարող, բայց պարոն Արայիկի հետ կնկարվեմ»,– ասում է փոքրիկ Հարութը, իսկ մայրիկը «Հայերն այսօր»–ին պատմել է, որ որդու նկարի հաջողություններից ոգևորված՝ Facebook–ում էջ են ստեղծել և դրամահավաք սկսել։ Նպատակը 10000 դոլար հավաքելն է, որից մոտ 8000–ն արդեն հավաքվել է։

Կարդացեք նաև

Back to top button