
Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանը հարստացրեց իր կատարած հանցագործությունների շարքը՝ երկար ցանկին էկոլոգիական հանցագործությունն ավելացնելով։ Արցախի դեմ կիրառվեց քիմիական զենքի տարրեր պարունակող սպիտակ ֆոսֆորային զինամթերք։
Սակայն աշխարհին, կարծես, այս լուրն առանձնապես չհետաքրքրեց։ Լռեցին անգամ միջազգային բնապահպանական կառույցները, որոնք, ըստ էության, պատրաստ էին պայքարել ամեն ծառ ու թփի անվտանգության համար․
«Օրինակ, եթե հիշում եք, Ավստրալիայի հրդեհները, այնտեղ առաջին հերթին ցույց էին տալիս անտառների վնասված կենդանիներին։ Բա էս անտառների կենդանիները չե՞ն վնասվում: Մենք հիմա այնպիսի մարտահրավերի հետ գործ ունենք, որին պատրաստ չէինք, նույնիսկ չենք կարող գնահատական տալ այդ աղետին»։
Բնապահպան Ինգա Զարաֆյանն է։ Թվարկում է նվազագույն՝ միայն ակնհայտ, անհերքելի խնդիրները․ տուժել են հողը, անտառը՝ որպես էկոհամակարգ, կենսաբազմազանությունը, ջրային ռեսուրսները, իսկ այս ամենը հանգեցնելու է կլիմայի փոփոխության վտանգների խորացմանը։
Հատկապես վերջինը կանխելու համար ակտիվորեն պայքարող բնապահպանական կազմակերպությունները, եթե անգամ տեղյակ չէին Արցախում տեղի ունեցածի մասին, երեկ իմացան։ Հայկական 50 կազմակերպություն միջազգային 100 կազմակերպության նամակ գրեց։ Հիշեցրեց, որ մեր տարածաշրջանը միջազգային առաջատար բնապահպանական կառույցների կողմից ճանաչվել է որպես աշխարհի կենսաբազմազանության թեժ կետերից մեկը, ասել է թե՝ պիտի պահպանվի համաշխարհային մակարդակով:

«Բնապահպանական նշանակության միջավայրը, օրինակ՝ անտառը, ջուրը և այլն, լոկալ նշանակություն չի կարող ունենալ, դա գլոբալ նշանակության ռեսուրս է, և դա ոչ միայն մենք պիտի հասկանանք, այլ ամբողջ միջազգային հանրությունը»։
Բնապահպան Կարինե Դանիելյանը ևս այդպես է կարծում․
«Այրում են անտառները, դարձյալ մտածելով, որ իրենք Հայաստանին վնաս են տալիս, բայց կներեք էլի, խնդիրը միայն մերը չի, և այդ տեղական, խիստ լոկալ մոտեցումը անտառներին խիստ վտանգավոր է։ Անտառները համաշխարհային հանրության հարստությունն են, և էսպես դրանց ոչնչացվելը միայն հայերին վնաս տալը չէ»։
Ուղարկված նամակում բնապահպանները նշել են, որ այս քայլը վտանգի տակ է դրել նաև անհետացման եզրին գտնվող մի շարք կենդանատեսակների՝ գորշ արջի, բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, լուսանի, կովկասյան ընձառյուծի գոյությունը, և եթե անգամ դա չի հետաքրքրում աշխարհին, ապա պիտի անհանգստանան գոնե հետևյալով․ ֆոսֆորական զինամթերքը կուտակվում է հողի և գետերի մեջ՝ տարիներով աղտոտելով ստորգետնյա ջրերը և վերածվելով տարածաշրջանային մասշտաբի սպառնալիքի Հարավային Կովկասում ապրող բոլոր ազգերի համար՝ այդ թվում ադրբեջանցիների:
«Մենք գիտենք, որ պետությունները ունեն տարբեր քաղաքական շահեր, բայց բնապահպանական հանրությունը, որը կոնկրետ բնապահպանական շահ է պաշտպանում, իմ կարծիքով, կարող է ազդել, և մենք պետք է աշխատենք միասին»։
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Օլեգ Դուլգարյանը կարծում է, որ միասին աշխատելու համար առաջին հերթին պիտի աշխարհին պատշաճ իրազեկել կատարվածի մասին․
«Ինչպես, օրինակ, Ավստրալիայում տեղի ունեցածը մեզ վրա այդպիսի ազդեցություն ունեցավ, ու մենք միացանք սոլիդարության այդ արշավին, մենք հիմա պարտավոր ենք ուղղակի այդպիսի արշավ Հայաստանում ստեղծել և տարածել աշխարհով մեկ։ Առանց մեզ դա ոչ մեկ չի սկսի։ Եվ հիմա շատ կարևոր է տեղական ՀԿ–ների, ակտիվ քաղաքացիների ու ոչ միայն բնապահպանական կազմակերպությունների համաշխարհային արշավ սկսելու և համատեղ գործելու ջիղը, որովհետև աշխարհը էս պահին դեռ լավ տեղեկացված չի»։
Մեկ ամսից ավելի է՝ հայերը փորձում են աշխարհին տեղեկացնել աղետի մասին։ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում բոլորն անդադար պատմում են, որ Արցախի հետ կատարվածը միայն հայության խնդիրը չէ, որ թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ձեռքը կարող է հասնել յուրաքանչյուրին, հիմա արդեն անգամ բնապահպանական աղետի տեսքով։ Մեկ ամսից ավելի հայերն ասում են՝ բացեք ձեր աչքերը, որ տեսնեք, բացեք ձեր ականջները, որ լսեք։










