
Հայկական բողոքի ամենաակտիվ կենտրոնիերից մեկում՝ Նյու Յորքում, այս անգամ հայերի պահանջը հնչում է այսպես․․․ «The New York Times լուսաբանի՜ր ճշմարտությունը», «The New York Times ասա՜ ճշմարտությունը»:
Հայ երիտասարդների ֆեդերացիայի անդամները երթով շարժվել են դեպի The New York Times-ի խմբագրություն՝ շենքի դիմաց պահանջելով անհապաղ հետաքննել և հերքել The New York Times-ի՝ Թուրքիայի բյուրոյի ղեկավար Կառլոտա Գալի՝ Արցախի հակամարտությանն առնչվող հոդվածները: Հայերը պնդում են, որ պարբերականը պետք է պարզի, թե ինչ աղբյուրներից է օգտվել Կարլոտա Գալը, արդյոք անաչառ է լուսաբանել հակամարտությունը: Երթի մասնակիցները ծածանել են Հայաստանի և Արցախի դրոշները, բարձրացրել են պաստառներ, որոնց վրա «Կանգնեցրե՜ք թուրքական Հիտլերին», «Խաղաղություն Հայաստանին ու Արցախին» գրություններն էին։
«Ադրբեջանը թիրախավորում է Ստեփանակերտի խաղաղ բնակչությանը, մենք պետք է թույլ չտանք, պետք է գործենք, կանգնեցնենք ու կույր չլինենք»,– ասում է ցույցի մասնակիցներից մեկը և հավելում․ ամեն ինչ միանշանակ է՝ Արցախը Հայաստան է, Հայաստանը՝ Արցախ։

Ամերիկահայերի բողոքը չի լռում նաև Լոս Անջելեսում։ Ադրբեջանի հյուպատոսարանի առջև բողոքի ցույց էին կազմակերպել հայ համայնքի ներկայացուցիչները։ Բազմաթիվ հայեր ՀՀ և ԱՄՆ դրոշներով, պաստառներով վանկարկում էին «Artsakh is Armenia» «Արցախը Հայաստան է», «Հաղթելու ենք»: Ցույցի մասնակիցները շեշտում էին, որ իրենց պայքարը չի ավարտվելու, քանի դեռ Արցախում խաղաղություն չի հաստատվել։
Սփյուռքի քարտեզով տեղափոխվենք դեպի հարավ։ Արգենտինայի Բուենոս Այրես քաղաքում հայերը հանրահավաք են անցկացրել՝ ի աջակցություն Արցախի։ Բողոքի ցույցը մեկնարկել է Արգենտինայի, Հայաստանի և Արցախի պետական օրհներգերով և տերունական աղոթքով, ինչից հետո հայերը ելույթներով դիմել են տեղաբնակներին ու իշխանությանը։

Եվրոպական մայրցամաքում փակ է եղել Լեհաստան–Գերմանիա միջպետական ճանապարհը։ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչներն այս կերպ փորձել են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա հրավիրել տեղի իշխանությունների ուշադրությունը։ Նրանք պահանջել են, որ լրագրողները լուսաբանեն ակցիան ու ավելի լսելի դարձնեն իրենց խոսքը։

Իսկ Գերմանիայում գերմանահայերը փնտրում են ցանկացած տարբերակ հայրենիքին ու Արցախին ֆինանսական աջակցություն տրամադրելու համար։ «Գործեցի առաջին թևնոցը, որից հետո մտածում էի եթե 20 հատ 2 եվրոյով վաճառեմ դա արդեն 40 եվրո։ Շուտով պարզապես աչքերիս չէի հավատում, որ արդեն 60 հատ թևնոցի պատվեր ունեի»,–«Հայերն այսօր»–ին պատմել է Հասմիկ Գզիրյանը և նշել, որ արդեն 500–ից ավել պատվեր ունի, և ամբողջ հասույթը փոխանցելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Հասմիկ Թադևոսյանն էլ դաշնամուրի դասեր է անցկացնելու հայ երեխաների համար և այդպես է միանալու դրամահավաքին։ Մեր գերմանաբնակ հայրենակիցը գիտի, որ այս օրերին շատերն են օգնում հայրենիքոին, բայց մտածում է, որ օգնությունը պետք է ոչ թե միանվագ, այլ շարունակական լինի։ «Պատրաստ եմ դաշնամուրային դասեր անցկացնել հայ երեխաների և մեծահասակների համար, և դասերից ստացված գումարը մեկ տարի շարունակ փոխանցել հիմնադրամին»,– ասել է հասմիկ Թադևոսյանը։
Թել Ավիվ Յաֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում էլ տեղի է ունեցել հոգեհանգստյան արարողություն և մոմավառություն՝ նվիրված Արցախյան ազատամարտում ընկած հայ քաջերին ու խաղաղ բնակիչներին։ Արարողությանը ներկա է եղել նաև Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Հոգեշնորհ Տեր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, որն իր մխիթարանքի խոսքն է ասել հավաքվածներին։ Միջոցառման ավարտին եռագույնը խորհրդանշող փուչիկներն էլ բարձրացել են դեպի երկինք՝ աղոթքների հետ դառնալով յուրօրինակ խաղաղության ավետիսներ։







