
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) այսօր հայտարարություն են տարածել։
Հայտարարության մեջ ասված է․
«Հոկտեմբերի 30-ին Ժնեւում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները առանձին և համատեղ հանդիպում են ունեցել ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ:
Համանախագահները մեկ անգամ ևս կոչ են արել կողմերին ամբողջությամբ կատարել իրենց ստանձնած պարտավորությունները, ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը` համաձայն հոկտեմբերի 10-ի Մոսկվայի համատեղ հայտարարության, որը կողմերը վերահաստատել են Փարիզում հոկտեմբերի 17-ին և Վաշինգտոնում՝ հոկտեմբերի 25-ին:
Առանց վնասելու հրադադարի կամ այլ պարտավորությունների կատարմանը, կողմերը պայմանավորվել են անհապաղ կատարել մի շարք քայլեր, ներառյալ.
- Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու քաղաքացիական բնակչությանը կամ ոչ ռազմական օբյեկտները` համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի:
- Կողմերը ակտիվորեն ներգրավվելու են գերիներ և դիերի դուրսբերման և փոխանակման իրականացմանը` ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով անհրաժեշտ անվտանգության երաշխիքներ:
- Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` մուտքի ապահովման և վերջնական փոխանակման նպատակով:
- Կողմերը գրավոր կտրամադրեն մեկնաբանություններ և հարցեր` կապված հրադադարի հաստատման հնարավոր մեխանիզմների հետ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:
Կողմերը մտքերի բաց և առարկայական փոխանակման մեջ են մտել՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի համաձայն համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ իրենց բանակցային դիրքորոշումների հստակեցմանը:
Համանախագահները կշարունակեն ինտենսիվորեն աշխատել կողմերի հետ ՝ հակամարտության խաղաղ կարգավորում գտնելու ուղղությամբ»:




