Պայթյուններն ընդհատեցին բելգիացի պատգամավորի հանդիպումը Արցախի ԱԳ նախարարի հետ
Երեկ հայտնի դարձավ, որ Ստեփանակերտում Բելգիացի պատգամավոր է հայտնվել հրետակոծության տակ: Ստեփանակերտի վրա թշնամու հերթական հարվածի ժամանակ մեր թղթակիցը կես ժամ է անցկացրել ապաստարանում Բելգիայի ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ջորջ Դալմանի հետ։ Ռումբերը ընդհատել են պատգամավորի հանդիպումը Արցախի արտաքին գործերի նախարարի հետ:
Մեկը մյուսին հաջորդող որոտներ, պայթյուն, շենքը ցնցվում է, ապակիները զնգում: Ջորջ Դալմանը, նրան ուղեկցող անձիք, որոնք համակ ուշադրությամբ լսում էին Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի բացատրությունները, թե ինչու է անհրաժեշտ ճանաչել Արցախի անկախությունը, ելնում են տեղերից: Արցախի արտգործնախարարության աշխատակիցների և նախարարի համար իրավիճակում որևէ արտառոց բան չկա: Ծանոթ անցուղիներով արտգործնախարարությունից հյուրերին ուղեկցում են ապաստարան: Պայթյունները շարունակվում են։ Հուժկու ցնցումներն զգացվում են նաև ապաստարնում: Օտարերկրացիները պաշտպանիչ սաղավարտներ ու բաճկոններ են հանգնում: Ջորջ Դալմանը մեզ հետ խոսում իր ընկալումների և իր անելիքների մասին: Արցախում անցկացրած առաջին ժամերը և այս պայթյունները վկայում են՝ կրակում են քաղաքացիական բնակչության վրա:
Դա անհերքելի է։
Այսօրվա քաղաքական գործիչը, որ մասնագիտությամբ բժիշկ է և երկար տարիներ աշխատել է «Բժիկներ առանց սահմանի» կազմակերպության հետ, եղել է տարբեր հակամարտությունների գոտիներում:
«Հաշմանդամ» անունով միջազգային կազմակերպությունը, որին անդամակցում է նաև Ջորջ Դալման, տարիներ շարունակ պայքարել է մի շարք զենքերի արգելման համար: Արցախում, իրոք, արգելված զինամթերք է օգտագործվում, արձանագրում է քաղաքական գործիչը:
Ջորջ Դալմանը, որը Բելգիայի ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի նախաձեռնողներից է, ասում է` իրենք արդեն գիտեն` Ադրբեջանն այս պատերազմում մենակ չէ, գործում են Թուրքիան, և Թուրքիայի միջոցով Արցախ եկած գրոհայինները։ Այս դեպքում խոսքը միայն Արցախի անվտանգության մասին չէ, այլ նաև Եվրոպայի, Եվրոպային ուղղված սպառնալիք է սա, ասում է բելգիացի պատգամավորը: Բելգիայի խորհրդարան ներկայացված բանաձևում դատապարտվում են Ադրբեջանի գործողությունները, կոչ է արվում վերականգնել Արցախի մասնակցությունը բանակցություններին, տեղահանվածներին մարդասիրական օգնություն տրամադրել և ամենակարևորը՝ շեշտվում է, որ միջազգային իրավունքը ՝ հանուն փրկության թույլ է տալիս ճանաչել չճանաչված տարածքի անկախությունը: