ԿարևորՏնտեսական

Հարկային արտոնություններ` ռազմական դրության ժամանակ

Պատերազմի շրջանում  ԵԱՏՄ անդամ երկրներից Հայաստան աջակցություն ուղարկողներն ազատվում են հարկային  պարտավորություններից։ Արտոնությունն ուժի մեջ է մտել հոկտեմբերի 23–ից։ Ֆիզիկական անձանց՝ սահմանված քանակից ավելի ապրանք ներկրելու և բանակին նվիրաբերելու դեպքում նույնպես հարկային վճարումներ չեն կատարվի։

Սա ռազմական դրության շրջանում կառավարության առաջարկած միակ աջակցությունը չէ․ օրենսդրական փոփոխություններով  նախատեսվում է նաև հարկային ու վարկային արտոնություններ տրամադրել  ռազմական գործողություններին մասնակցած մեր հայրենակիցներին։

Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով   զոհված, անհայտ կորած կամ հաշմանդամություն ստացած քաղաքացիների վարկային պարտավորությունները կներվեն։ Ի տարբերություն  նմանատիպ այլ օրենսդրական կարգավորումների՝ այս դեպքում խոսքը ոչ միայն տոկոսների, այլ նաև մայր գումարի մասին է։  Շահառու են համարվում նաև ամուսինը,  համատեղ ապրող ծնողը, ինչպես նաև զավակը։   

Վարկի չմարման հետևանքով ձևավորված  բեռը կիսելու են պետությունը և բանկերն ու վարկային կազմակերպությունները: Օրենսդրական փոփոխությունը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն է ներկայացնում։

«Պետք է նկատել, որ բանկերն ու վարկային կազմակերպությունները պատրաստակամ են օգտվել այս գործիքից և առավելագույն մեծ ծավալով մեծ վարկային պարտավորություններ ներել: Սա մենք արձանագրել ենք ֆինանսական կառույցների հետ մեր ամենօրյա շփումների արդյունքում: Այս առումով օրենսդրական փոփոխությունը սպասված էր, և ես համոզմունք ունեմ, որ այն առավելագույնս ծառայելու է իր նպատակին»։

Փոխնախարարի փոխանցմամբ՝  օրենսդրական փոփոխությունը վարկային տեսակների առումով սահմանափակում չի նախատեսում:  

Կառավարությունը հարկերից ազատման համար նաև կսահմանի  ԵԱՏՄ անդամ երկրներից համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ցանկ: ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի խոսքով՝  ներմուծվող ապրանքները ԱԱՀ-ից, ակցիզային և բնապահպանական հարկից կազատվեն: Իսկ աջակցություն ստացվում է բոլոր երկրներից։

«Աջակցության աշխարհագրությունը շատ տարբեր է, այն միայն ԵԱՏՄ անդամ պետություններով չի սահմանափակվում։ Քանի որ ունենք աշխարհասփյուռ հայություն, կազմակերպված հայկական համայնքներ, ուստի  բոլորն են աջակցում»։

Արման Պողոսյանի պարզաբանմամբ՝ օրենքն ունի անցումային կարգավորումներ: Քանի դեռ կառավարությունն այդ ցանկը չի սահմանել և չի հրապարակել, արտոնությունները կիրառելի կլինեն բոլոր ապրանքների նկատմամբ: Խոսքը համապատասխան նախարարություններին հանձնվող ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների մասին է:

Նախարարի տեղակալը նկատեց, որ շատ կազմակերպություններ և ֆիզիկական անձինք ռազմական դրության հայտարարման առաջին օրերից  ներկրել են ապրանքների լայն տեսականի: Եթե ցանկի կիրառությունը հետընթաց լիներ, ապա կարող էր խնդիրներ առաջացնել, դրա համար անցումային դրույթներով հնարավորություն է տրվում արտոնյալ կարգավորումները կիրառել բոլոր ապրանքների նկատմամբ:

Ցանկը սահմանելուց հետո արտոնյալ կարգավորումները կվերաբերեն միայն դրանում ընդգրկված ապրանքներին: Նախարարի տեղակալը տեղեկացրեց, որ նախատեսված է այս գործընթացի փաստաթղթավորում:  Ինչ վերաբերում է այլ երկրներից ներկրվող ապրանքներին, ապա Արման Պողոսյանի հստակեցմամբ,  այդ պարագայում կա առավել պարզ ընթացակարգ, հետևաբար նոր օրենքի կամ արտոնյալ կարգավորումների անհրաժեշտություն չկա: 

Կարդացեք նաև

Back to top button