ԿարևորՀասարակություն

Պատերազմի գույները կտավին ու պատին

100 դոլար, 500 դոլար, 800 դոլար, 2 միլիոն դրամ․ վերջ, վաճառված է։ Մանուն պատերազմի ժամանակ խաղաղություն է նկարում, հետո նկարները աճուրդի հանելով ներդրում է անում այդ նույն խաղաղության մեջ։

 «Սկզբում ուղղակի արտահայտման միջոց էր դա ինձ համար և ոչ մի պլան չունեի նկարը վաճառելու, հետո որոշեցի հիմնադրամին որպես օգնություն աճուրդի հանել, ոչ թե սիմվոլիկ գումար դնելով, այլ թողնելու նրան, որպեսզի մարդիկ էլ ավելի ոգևորվեն և էլ ավելի բարձր գին առաջարկեն։ Նախնական գումարը 400 դոլար ներդրեցի, այնուհետև առաջարկները բարձրացան»,–նշում է նա։

Նկարում է երեկոյան, արագ-արագ, մեկ կամ մի քանի օրում ավարտում է, ժամանակը սուղ է: Իսկ ժամանակ Մանուն չունի, որովհետև առավոտյան էլ ընկերների՝ Գոհարի, Արտյոմի ու Արփենիկի հետ Արցախից տեղափոխված ընտանիքներին են աջակցում:

«Պատերազմը ամբողջովին փոխեց բոլորիս կյանքը, թե մտածելակերպը, թե շատ բաներ սկսեցինք գնահատել։ Մենք սկսեցինք ուղղակի կյանքը գնահատել։ Դա չէր կարող  չանդրադառնալ ինձ վրա։ Ճիշտն ասած, մինչև այդ անկեղծորեն խոստովանում եմ, որ ես ոչ մի հայրենասիրական թեմաներով ոչ մի կտավ չեմ ստեղծել, ավելի շատ իմ հուզականության եմ տրվել և նկարել՝ ինչ ցանկանում եմ, սակայն այժմյան վիճակը որքանով որ անհանգստացնում է ինձ, այդքանով արտացոլվում է կտավներումս, և ես չէի կարող խուսափել այս ամենից և չնկարել  ու  չանդրադառնալ այս թեմային»,–անկեղծանում է Մանուն։

Առաջին նկարը վաճառվեց 800 դոլարով, երկրորդը՝ երկու միլիոն դրամով: Առաջին նկարում Տեր Աբել Քարտաշյանն է, որը «Նայեցի զինվորների աչքերին և հասկացա, որ նրանք ավելի շատ են սիրում հայրենիքը, քան ես հավատում եմ Աստծուն» խոսքերից հետո Մանուի համար խաղաղության սիմվոլ էր դարձել: Իսկ երկրորդ նկարում հերոս Ալբերտ Հովհաննիսյանն է:

 «Երևի թե ենթագիտակցորեն նկարում եմ այն, ինչ ցանկանում եմ, բայց չեմ կարող չհերքել, որ ուզում եմ հենց այդպես պատկերել, որովհետև ինչ–որ արվում է, պետք չէ ավելորդ հուզականություն ցուցաբերել, ավելորդ ագրեսիա, էմոցիոնալությանը պետք է շատ զարկ չտալ հիմա, պետք է ավելի խելամիտ գտնվել ու հասկանալ՝ ով ինչպես կարող է իրապես օգնել, չէ՞ որ դրանք ապագա գնորդների տանն են կախվում։ Թող այն միմիայն դրականություն հաղորդի նրանց պատերին, նրանց օջախին»,–խոսքն ամփոփում է Մանուն։

Եթե Մանուն նկարում է խաղաղություն, ապա Կառլենը նկարում է պատերազմ։ Բայց ոչ թե կտավին, այլ պատին, ոչ թե Երևանում, այլ Գյումրիում: Արդեն մի քանի տարի է՝ սթրիթ արթով է զբաղվում:

«Ուզեցի հենց հաղթանակի պահը նկարեմ։ Ուզեցի, որ էդ պատին լինի այնպիսի բան, որ փոխանցվի մարդկանց, որ հենց հաղթանակը կպատկերե, էլի»,–ընդգծում է Կառլենը։

Նկարում դրոշակակիրը բռնել է Արցախի ու Հայաստանի դրոշը, հետևից տարբեր մասնագիտությամբ ջոկատները մոտեցնում են հաղթանակը ու հուշում՝ այն յոթ սարի հետևում չէ, որովհետև 

«Մեր մեկ զինվորը իրենց բազմաթիվին կչոքեցնե: Փոխանցվի հենց էդ դուխը, էդ իրական է, էդ նկար չէ ու էդ ամեն ինչը շատ շուտ կավարտվի ու հաղթանակը կմոտենա։ Մեր բանակը շատ ուժեղ է, այդ երեք զինվորը իզուր չեմ արել ես, որ մեջք մեջքի տված կհաղթեն բազմաթիվ կրակների մեջ»,–պատմում է Կառլենը։

Իսկ հաղթանակին ոչ թե նկարում, այլ իրականում հասնելու համար յուրաքանչուրն իր դիրքում չպետք է կորցնի զգոնությունը և պետք է շարունակի ծառայել պետականությանը:

«Ամեն մարդ իրա գործը էնելով, ճիշտ էնելով, ճիշտ ժամանակին կօգնե մոտեցնել հաղթանակը։ Ամեն մարդը իրա գործը էնելով, իրա մասնագիտությամբ պիտի մոտեցնե այդ հաղթանակը ու պիտի օգնե ամեն ինչով։ Արվեստով էլ նաև կարելի է մոտեցնել ու բազմիցս ենք տեսել, որ մարդկանց մեջ կփոխե շատ բան, նաև նշեմ, որ ճակատ մեկնող զինվորների կողքին եղել են էսպես ստորաբաժանումներ, որ հենց իրանք նվագել են դուխավոյ արկեստր, իրանք արվեստի միջոցով դուխ են տվել, էլի, ու իրանց կողքին մարտի են գնացել»,–հավելում է Կառլենը։

Լուսանկարները՝ Ֆեյսբուքյան էջի

Կանցեն տարիներ ու գնորդի տան հյուրասենյակում կախված Մանուի նկարներն ամեն անգամ հյուրերին կհիշեցնեն խաղաղության հասնելու, իսկ Գյումրիի անցորդներին պատերազմի գույները կպատմեն դժվարին ու հաղթական մարտերի մասին:

Կարդացեք նաև

Back to top button