Լոռեցի Տաթևիկի տունը կռիվ էր ընկել։ Կռվում էր ինքն իր հետ, մտածում էր՝ ինչպես կարող է ինքը՝ 14 ամյա աղջնակ լինելով, օգտակար լինել սեփական երկրին։ Որոշեց գիտելիքը դարձնել գումար։ Արմաթ խմբակում գրաֆիկ դիզայն է սովորել, պատվերներ է վերցնում, նկարում, միայն թե պատվերի դիմաց ակնկալվող գումարը խնդրում է փոխանցել արդեն հայտնի դարձած 8000 կարճ համարին.
«Հիմնականում պատվիրում են իրենց ամուսնուև կամ ընկերոջ նկարը, ովքեր այս պահին առաջնագծում են և դա ինձ էլ ավելի է ոգևորում»։

Արմավիր քաղաքի փոքրիկ բնակիչ 6 ամյա Վահեն սկզբում որոշեց խաղալիքները վաճառել, հետո հասկացավ, որ արդեն մեծ ՝ առաջին դասարանում սովորող տղա է և շատ խաղալիքներ չունի։ Ամեն ինչ սկսվեց, երբ իմացավ, որ գյուղից մեկ տոպրակ ընկույզ են ուղարկել։ Որոշեց՝ վաճառել ընկույզի մեկ հատը 100 դրամով և վաճառքի գումարը փոխանցել հիմնադրամին․ Փոքրիկ ընկուզավաճառի մայրիկը՝ Սիրվարդ Աբգարյանը պատմում է․
«Հայ փոստը հենց մեր տան հարևանությամբ է, ձայներ լսեցի, տեսնեմ Վահեն է, ընկույզներն ու գումարը վերցրել եկել է, ասում է՝ փոխանցենք զինվորներին, իրեն անգամ շոկոլադներ էին նվիրել, որոնք չէր կերել ու ուզում էր ուղարկել զինվորներին»։

«Վաճառելու եմ ընկույզ մինչև պատերազմը չվերջանա» Վահե Հովհաննիսյան, 6 տարեկան
Փոքրիկ ընկուզավաճառի և մյուս ՝ հիմնադրամին աջակցող երեխաների գրաֆիկացված նկարը Տաթևիկն արդեն պատրաստել է, Վահեն՝ ընկույզներն է դասավորում աշխատած գումարը կրկնապատկերլու համար, այն երազանքով, որ եթե իմանա պատերազմի ավարտին ընդամենը մի քանի ընկույզ է մնացել, կվազի մինչև Լոռի՝ Տաթևիկին դրանք նվիրելու համար:




