Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 5-ին, ընդունել է ստամբուլաբնակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերին, ում աշխատանքների ցուցահանդեսը երեկ բացվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ աշխարհահռչակ լուսանկարչի «Բարեւ ձեզ» խորագիրը կրող ցուցահանդեսը ներառում է աշխարհի տարբեր անկյուններում եւ տարբեր ժամանակներում արված ավելի քան 100 աշխատանք:
Արա Գյուլերը Հանրապետության Նախագահին պատմել է երեւանյան ցուցահանդեսի մասին, կիսվել Հայաստան իր այցի տպավորություններով, խոսել նաեւ հետագա ծրագրերի մասին: Հանդիպման պատեհ առիթն օգտագործելով՝ Արա Գյուլերը համալրել է իր լուսանկարների հայտնի շարքը՝ անձամբ լուսանկարելով Նախագահ Սերժ Սարգսյանին: Հանդիպման ավարտին նա նախագահին նվիրել է նաեւ իր աշխատանքներից մեկը: