
Տիկնիկ ու հնդկաձավար, օճառ ու թթու լավաշ, զարդ ու շոկոլադ։
Տարբեր նպատակներով օգտագործվող այս ապրանքներն արդեն մի քանի օր շարվել են կողք կողքի նույն նպատակով․ վաճառվելու են ու իրենց արժեքի չափով ավելացնեն Հայաստան համայակական հիմնադրամի հաշվեկշիռը։
«Ինչպես այս օրերին բոլորը, ես ևս ունեի ինչ-որ բան անելու, ինչ-որ կերպ օգտակար լինելու ցանկություն ու օրեր շարունակ մտածում էի, թե որ դաշտն է, որտեղ ես փոքրիշատե տեղյակ եմ ու կարող եմ իմ լուման ունենալ»։
Ֆլորա Վարդանյանը 7 տարուց ավելի գործող «Հայկական ապրանքանիշ» ֆեյսբուքյան էջի հիմնադիրն է։ Օրեր շարունակ մտածեց ու էջում «Հայ արտադրողը՝ հայ զինվորի կողքին» անունով նկարների փաթեթ ստեղծեց նույնանուն նախաձեռնությունն իրականացնելու համար։
8 օր առաջ ստեղծված նախաձեռնությանը 80-ից ավելի հայ արտադրողներ միացան։ Բոլորը պատրաստ իրենց արտադրանքը վաճառել ինքնարժեքին մոտ գնով և ամբողջ հասույթը փոխանցել «Մենք ենք մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին։
Սրա արդյունքում հիմնադրամում առկա գումարն ամեն օր աճում է նվազագույնը 100.000 դրամով։

Մեխանիզմն այսպես է աշխատում․ «Տվյալ ապրանքանիշի հեղինակը պետք է 2 կամ 3 նկար ուղարկի ֆեյսբուքյան էջին, գրի կոնտակտային տվյալներ ու թե ինչ միջոցով պետք է առաքումը կատարվի»։
Իսկ գնորդը պետք է Ֆեյսբուքում ընտրի իր հավանած ապրանքը, Հիմնադրամի հաշվեհամարին փոխանցի դրա արժեքին համապատասխան գումար, ներկայաքցնի կտրոն ու առաքման միջոցով ստանա իր գնումը։
Արդյունքում՝ շահում են 3 կողմերը․ գնորդը, որն ունենում է իր ցանկացած ապրանքը շուկայականից ցածր գնով, արտադրողը, որ ճանաչվում է սպառողների շրջանում և մենք բոլորս, քանի որ ավելանում է հիմնադրամին հանգանակվող գումարը։
Ֆլորան պատմում է, որ երբեմն մեկ այլ՝ 4-րդ կողմ ևս շահում է․
«Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ․ «Ակոս»–ը մեզ միացավ, որ աջակցի հայկական հիմնադրամի համալրմանը և անմիջապես ողջ արտադրանքը գնեցին։ Գնողը ԱՄՆ-ից էր, գումարը փոխանցեցին, դեռ մի բան էլ նշված գումարից ավելի, և ամբողջ գնումը գնաց «Բարի տնակ»–ին՝ բարեգործության նպատակով»։
Մաթեմատիկական լեզվով այս դեպքին «բարի գործը՝ բարձրացված քառակուսի» կասեինք։ Իսկ ես ու Ֆլորան սա անվանեցինք հայ արտադրողին շահագրգռելու և օգնելու հաջողված փորձ։
«Ցանկացած պայմաններում, նույնիսկ պատերազմական իրավիճակում պետք է ամեն ինչ անել հայկականը ճանաչելի դարձնելու, բիզնեսի ջրաղացին ջուր լցնելու համար»։
Մինչ մենք զրուցում էինք հայկականի, շուկայում դրա ունեցած դիրքի ու զարգացման հեռանկարների մասին, հանրային քննարկման դրվեց թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծումը Հայաստան ժամանակավոր արգելելու մասին որոշման նախագիծը, որի հիմնավորման մեջ նաև նշվում է․
«Մեր տնտեսավարողների ու բնակչության մի մասն արդեն իսկ կամավոր կերպով արձագանքել են թուրքական ծագման ապրանքների նկատմամբ իրենց վերաբերմունքը՝ սահմանափակելով դրանց վաճառքը և ձեռնպահ մնալով նմանատիպ ապրանքների ձեռքբերումից»:
Այսպիսով՝ դեկտեմբերի 31-ից Հայաստանում կսահմանափակվի թուրքական արտադրանքի ներմուծումը։ Իսկ մինչ այդ՝ փոքրիկ ուղեցույց խանութում թուրքականից խուսափել ցանկացող, բայց այն չտարբերող մեր ռադիոունկնդիրների համար։
Տարբերակ 1-ին․ ձեր ընտրած ապրանքի փաթեթավորման վրա որևէ տեղ հաստատ նշված է դրա արտադրման երկիրը․ փնտրեք այն։
Տարբերակ 2 և ավելի հեշտ․ յուրաքանչյուր արտադրանք, որը ցանկանում եք գնել, ունի շտրիխ կոդ։ Եթե այդ կոդը սկսվում է 485 թվերով, ապա ձեր ձեռքին հայկական արտադրության ապրանք է։
Թուրքական արտադրանքը տարբերվում է 868 և 869 թվերով սկսվող կոդով։










