
Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հոկտեմբերի 16-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հունաստանի ԱԳ նախարարին ուղեկցել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ու Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Էվանգելոս Տուրնակիսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը նախարար Նիկոս Դենդիասին ներկայացրել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի ստեղծման պատմությունը։ Հունաստանի արտաքին գործերի նախարարը նաև շրջայց է կատարել թանգարան-ինստիտուտում, գրառում արել թանգարանի հուշամատյանում:
Աշխատանքային այցով Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Հայաստան է ժամանել այսօր: ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից հետո կողմերը հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակներում Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասին կընդունեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը որոշում է կայացրել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2014 թվականի սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանն ընդունել է Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:




