
Ավստրիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Ավստրիայի խորհրդարանում միաձայն ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հարցով առաջարկ-միջնորդությունը, որը նախաձեռնել էին Ռեյնհոլդ Լոպատկան, Էվա Էռնստ Ձիձիչը և Պամելա Ռենդի-Վագները:
«Բանաձևի հեղինակները նշում են, որ սեպտեմբերի 27-ին վերսկսվեցին ռազմական գործողությունները և այդ ժամանակվանից ի վեր, շփման գծի ամբողջ երկայնքով և դրանից դուրս, ավելի ու ավելի ծանր մարտեր են ընթանում:
Բանաձևի հեղինակները մտահոգություն են հայտնում խաղաղ բնակչության վիճակի վատթարացման, գյուղերի և քաղաքների հրետակոծությունների, ծանր հրետանու կիրառմամբ քաղաքացիական ենթակառուցվածքների՝ այդ թվում կրթական հաստատությունների և հիվանդանոցների թիրախավորման, ինչպես նաև քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի վերաբերյալ լուրերի կապակցությամբ։
Բանաձևի առաջարկության մեջ նաև նշվում է տեղում չեզոք դիտորդների բացակայության պատճառով մանրամասն և անաչառ տեղեկատվության սակավության մասին, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակով պայմանավորված ԵԱՀԿ կողմից տեղում մոնիտորինգ իրականացնելու անհնարինության մասին:
Բանաձևի հեղինակներն անդրադառնում են նաև լրագրողներին թիրախավորելու փաստին:
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքին՝ բանաձևի հեղինակները նշում են, որ Եվրամիությունը, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների Գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կողմերին կոչ են արել դադարեցնել մարտական գործողությունները, պաշտպանել խաղաղ բնակչությանը և անհապաղ վերսկսել բանակցությունները:
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանը, նշվում է, որ Թուրքիան, որը ռազմական ու քաղաքական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին, սրում է հակամարտությունը: Բանաձևի հեղինակները մտահոգիչ են համարում նաև օտարերկրյա զինյալների հավաքագրման մասին հաղորդագրությունները: Այս արտաքին միջամտությունը թեժացնում է հակամարտությունը և կարող է հանգեցնել հետագա՝ նաև տարածաշրջանային ապակայունացման:
Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման շրջանակներում համաձայնություն է ձեռք բերվել հումանիտար զինադադարի, գերիների և զոհված զինծառայողների փոխանակման և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանավորմամբ բովանդակային բանակցությունների վերսկսման վերաբերյալ: Չնայած հրադադարի վերաբերյալ համաձայնության, հոկտեմբերի 12-ին մարտերը վերսկսվել են։
Այնուհետև Ավստրիայի խորհրդարանը՝ Ազգային խորհուրդը միաձայն ընդունեց հետևյալ բանաձևը։
«Ազգային խորհուրդը որոշում է`
Դաշնային կառավարությանը, մասնավորապես` Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է շարունակել երկկողմ և բազմակողմ մակարդակներում աշխատանքը երկու կողմերի՝ մարտերի անհապաղ դադարեցման և միջազգային իրավունքի, մասնավորապես` քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի ներքո ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ։ Այս համատեքստում Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է եվրոպական մակարդակով ջանքեր գործադրել, որպեսզի Եվրամիությունը մարդասիրական օգնություն տրամադրի տուժած խաղաղ բնակչությանը և ևս մեկ անգամ իր ազդեցությունը գործադրի ԼՂ հակամարտությանը ներգրավված բոլոր դերակատարների վրա՝ ապահովելու համար մարդասիրական օգնության հասանելիությունը խաղաղ բնակչությանը:
Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է ջանքեր գործադրել եվրոպական մակարդակով, որպեսզի Եվրամիությունն իր ազդեցությունը գործադրի բոլոր ներգրավված դերակատարների, մասնավորապես Թուրքիայի հանդեպ՝ արտաքին միջամտությունը, այդ թվում հակամարտության կողմերին զենքի մատակարարումները դադարեցնելու նպատակով; նպաստել իրավիճակի շուտափույթ դեէսկալացիային և կայուն հրադադարի հաստատմանը; քայլեր ձեռնարկել ԵԱՀԿ դիտորդների տարածաշրջան մեկնելու ուղղությամբ՝ պայմանով որ COVID-19 համավարակով պայմանավորված իրավիճակը դա թույլ է տալիս; հասնել բանակցությունների վերսկսմանը։ Եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարարին առաջարկվում է նաև աշխատանքներ տանել ԵՄ շրջանում՝ ներառական խաղաղ գործընթացին սատարելու և տարածաշրջանում տևական կայունություն հաստատելու ուղղությամբ։
Բացի այդ, համապատասխան Դաշնային նախարարին առաջարկվում է աշխատանքներ տանել՝ ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բովանդակային բանակցությունների միջոցով կարգավորելու նպատակով, և, անհրաժեշտության դեպքում, նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև Վիեննայում ուղիղ բանակցությունների անցկացմանը»»:




