
ԱՄՆ–ում` մի կողմում երթով, մյուսում՝ կոչերով, ու սոցիալական ցանցերում հրապարակումներով, Բուլղարիայում՝ երգելով, իսկ արդեն Արցախի Ղազանչեցոցում բելգիահայ թավջութակահարի կենդանի կատարմամբ․ հայերն ասում են աշխարհին «Կանգնեցրեք ահաբեկչությունը»։
ԱՄՆ Բոստոն քաղաքի կենտրոնում հայ համայնքի մասնակցությամբ բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ երթով անցել են Բոստոնի կենտրոնով՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Արցախում խաղաղության հաստատման համար։Հայ համայնքի ներկայացուցիչները, ծածանելով Հայաստանի և Արցախի դրոշները, կոչ են արել համարժեք արձագանքել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիային։
«Մենք այստեղ ենք, որպեսզի ուշադրություն հրավիրենք ԼՂ-ում ընթացիկ իրավիճակի վրա։ Ցանկանում ենք մարդկանց տեղեկացնել, մեր ձայնը լսելի դարձնել։ Հայաստանը խաղաղություն է ուզում, հրադադար է ցանկանում։ Հայերը ցանկանում են ապրել իրենց հողի վրա, նրանք այդ հողերի վրա ապրում են դարերով»,- ասել է ցույցի մասնակիցներից մեկը։

Բողոքի նմանօրինակ ակցիա է տեղի ունեցել նաև ԱՄՆ Միչիգան նահանգում։
Հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Միչիգան նահանգի Կապիտոլիումի դիմաց՝ կոչ անելով դատապարտել թուրք-ադրբեջանական դաշինքի ագրեսիան ընդդեմ Արցախի:
«Ցանկանում եմ, որ սպանդը դադարի, որ Հայաստանն իրեն ապահով զգա։ Ես պարզապես ցանկանում եմ, որ մարդիկ ապահով լինեն»,-ասել է ցույցի մասնակից Ալան Օհանյանը։
Արդեն օվկիանոսից այս կողմ բուլղարահայերը բողոքի ցույց են կազմակերպել Սոֆիայում՝ Եվրահանձնաժողովի ներկայացուցչության շենքից երթով հասնելով երկրի խորհրդարան։Ցույցի մասնակիցները բացականչում էին «Խաղաղություն Հայաստանին», «Խաղաղություն Արցախին», «Կանգնեցրեք ահաբեկչությունը», «Էրդողանն ահաբեկիչ է» և այլ վանկարկումներ:Նրանք նաև համապատասխան պաստառներ են ցուցադրել՝ «Ձեր լռությունը սպանում է հայերին», «Կանգնեցրեք պատերազմը» գրություններով:

Իտալիայի նախկին փոխվարչապետ, ՆԳ նախկին նախարար, ներկայում սենատոր Մատեո Սալվինին էլ Արցախյան հակամարտության սրման ֆոնին իր պաշտոնական թվիթերյան էջում աջակցություն է հայտնել Հայաստանին:
«Այսօր ցերեկը ես ևս կլինեմ Մոնտեչիտորիոյի հրապարակում` հաջակցություն հայ ժողովրդին, որն առաջինը զգաց Ցեղասպանության սարսափը և այժմ հետապնդվում է Լեռնային Ղարաբաղում»,-գրել է սենատորը: Սալվինին իր թվիթերյան գրառմանը կից հրապարակել է ադրբեջանական ագրեսիայից տուժածների լուսանկարները։

Բազմամարդ ցույցերի ու բողոքի երթերի կողքին հայ հայտնիները ևս իրենց աջակցությունն են հայտնում Արցախին տարբեր նախաձեռնություններով ու սոցիալական հարթակների հրապարակումներով։
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջի «սթորի» բաժնում կրկին անդրադարձել է Արցախի հակամարտությանը՝ Լոս Անջելեսում Արցախի ճանաչման և ադրբեջանական ու թուրքական ագրեսիայի դատապարտման համար բողոքի ակցիա իրականացնող հազարավոր հայերի մասնակցությամբ տեսանյութ հրապարակելով:

Քարդաշյանը լրատվականներից մեկով լուսաբանվող բողոքի ակցիայից լուսանկար է հրապարակել, այնուհետև «Գինի լից» երգի ներքո տեսանյութ տեղադրել: Հեռուստաաստղն ավելի ուշ նաև Քորթնի Քարդաշյանի հետ 2019 թվականին Հայաստան կատարած այցից է լուսանկար հրապարակել: Քարդաշյանն օրերս նաև կոչ է արել միանալ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախաձեռնած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին, ինչպես նաև հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամին 1 միլիոն դոլար հատկացնելու մասին:

Իսկ արդեն Արցախի մշակութային, պայքարի մայրաքաղաք Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարում երեկ՝ հրթիռային հարվածներից 4 օր հետո Կոմիտաս է հնչում։ Բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը «Կոմերսանտի»-ի թղթակցին ասել է, որ ժամանել է, որպեսզի աշխարհին ասի, որ չի կարելի հրթիռակոծել եկեղեցիները։ «Դա ուղղակի աննորմալ է»,– ասել է թավջութակահարը։ Վերջինս նվագել է Կոմիտասի «Կռունկ» ստեղծագործությունը:




