
Հայաստանը եղել ու շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների ճանապարհով։ Եվ այդ ուղղությամբ Հայաստանը ջանքեր կներդնի։ Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանը չի կատարում հոկտեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տևած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
«Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Ադրբեջանն այսպիսի ցեղասպան քայլերով տարբերություն չի դնում զինվորականների և խաղաղ բնակչության միջև: Ավելին` այն միտված է ավելի շատ քաղաքացիական բնակչության թիրախավորմանը: Ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր: Այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշի քաղաքը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն: Թիրախավորված քաղաքացիական բնակավայրերում ռազմական օբյեկտների բացակայությունը ևս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի նպատակադրված քայլերի մասին, ինչը հավասար է ռազմական հանցագործության»,- նշել է Զոհրաբ Մնացականյանը:
«Ուզում եմ առանձնահատուկ ընդգծել վերահսկողության մեխանիզմների ներդրման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա հասնել կրակի դադարեցմանը։ Միայն կրակի դադարեցման ռեժիմի լիարժեք հաստատման դեպքում մենք կարող ենք բոլոր հարցերում արդյունավետ առաջ շարժվել»,- ասել է Մնացականյանը։

Հայաստանն ու Արցախը, նրա խոսքով, միշտ կողմ են արտահայտվել վերահսկողության մեխանիզմների ներդրմանը, Արդբեջանն է դրանք մերժել։
«Ես ևս պնդում եմ, որ կրակի դադարեցման նկատմամբ հսկողությունը չափազանց կարևոր ու առանցքային է»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՀՀ Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախին հասցվող օդային, հրետանու, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հարվածներն իրականացվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի անմիջական աջակցությամբ ու պատսպարմամբ:
«Թուրքիայի ավիացիայի աջակցմամբ օդային, հրետանու, հարվածների հետևանքով կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով: Հոկտեմբերի 10-ի դրությամբ` Ադրբեջանի ԶՈՒ-ի և նրան աջակցող ուժերի կողմից սպանվել է 23 քաղաքացիական անձ և հարյուրավորները ստացել են վնասվածքներ, նրանցից 81-ը` ծանր: Ագրեսիայի հետևանքով մեծացել է տեղահանվածների թիվը, նրանց մի մասը տեղափոխվել է Արցախի այլ բնակավայրերը, ոմանք` տեղավորվել են Հայաստանում: Քաղաքացիական ենթակառուցվածքները ևս ծանր վնասներ են կրել: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն երկու հարված է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:
Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, իսկ Հայաստանը եղել և մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակից:




