
Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»
Մինչ իրավապահները փորձում են բացահայտել Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպի մանրամասները, տեղի ունեցածի շուրջ չեն դադարում քննարկումներն ու մեկնաբանությունները: Կատարվածը գնահատում են քաղաքական ու հասարակական գործիչները, քննարկում են տեղի ունեցածի պատճառներն ու հնարավոր հետևանքները: Գորիսյան կրակոցների թեմային այսօր անդրադարձել է նաև Սերգեյ Գալոյանը, ով հայտնի է քրեական աշխարհի մասին իր գրվածքներով:
civilnet.am-ը երեկ մի դրվագ էր հիշեցրել խորհրդարանական արխիվից: Դրվագը ԱԺ- կառավարություն հարցուպատասխանից էր, այս տարվա փետրվարի 7-ի նիստից: Կառավարությանն ուղղված հարցերից մեկը ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանինն էր, հարցը վերաբերում էր Սյունիքի մարզպետին:
«Վերջերս Սյունիքի մարզն ու իր փոխարքա մարզպետն անըհնդհատ սկանդալների մեջ են՝ էդ կնոջ պատմությունը, հողերի պատմությունը: Ինձ ու բոլոր պատգամավորներին այսօր մի ամսագիր են բաժանել, ըստ որի տարվա մարզպետ է ճանաչվել Սուրեն Խաչատրյանը»:
Արամ Մանուկյանը 3 ամիս առաջ խորհրդարանում հնչեցրած իր հարցի մեջ անպատժելիության մասին էր խոսել և հետաքրքվել, թե արդյո՞ք Տիգրան Սարգսյանը կիսում է իր մոտեցումը. «Դուք ընդունո՞ւմ եք իմ մոտեցումը, որ իշխանությունը իր պատասխանատուների սանձը քաշած պիտի պահի, հանցագործությունների դեպքում վերաբերմունք արտահայտի, էս կարգի զոռբայությունների դեպքում արձագանք ունենա»:
Երեք ամիս առաջ հնչած այս հարցի առիթով վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր. «Ինքներս պնդում և ընդունում ենք այն փաստը, որ, այո, հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երևույթներ: Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ շատ հաճախ ոչ օբյեկտիվորնեն շատ հարցեր են քաշվում առաջ, որոնք դառնում են քաղաքական շահարկումների առարկա ու ամենևին չեն օգնում հասարակությանն առաջ գնալ»:
Սյունիքի մարզպետի հետ կապված հերթական ողբերգական պատմությունը այս անգամ թերևս վարչապետի նշած սուբյեկտիվներից չէ: Մի քանի օր առաջ Գորիսում տեղի ունեցած միջադեպով, որի արդյուքնում մեկ սպանված և երկու վիրավոր կա, շարունակում են զբաղվել իրավապահները: Հիշեցնենք, ըստ ոստիկանության, Սյունիքի մարզպետի առանձնատան մոտ հունիսի 2-ին հնչած կրակոցներից տեղում մահացել էր Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ Գորիսի զորամասի հրամանատար Արտակ Բուդաղյանը, վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սերգեյ Գալոյանը, ով հայտնի է քրեական աշխարհի մասին իր գրվածնքնրեով, այսօր լրագրողներին պատմում էր, որ մի գրքում փորձում է հավաքել 92-ից մինչ այսօր Հայաստանում տեղի ունեցած աղմկոտ հանցագործությունների պատմությունները: Մոտ 100 հանցագործության անդրադարձել է, դրանք տեսակով ու բնույթով տարբեր են, ընդհանուրը բոլորում այլ բան է.«Էս հանցագործություններից ո՞ր մեկն է ի վերջո բացահայտվել»:
Քրեագետը Գորիսում սպանությամբ ավարտված հերթական միջադեպը արդյունք է համարում նաև նախկինում կատարաված, բայց այդպես էլ չբացահայտված, կամ իր ձևակերպմամբ կոծկված հանցագործությունների՝ հիշեցնելով Գյումրիի նախկին քաղաքապետի անվան հետ կապվող պատմությունները:
«Սա կոծկելու հետևանք է: Եթե հիշում եք ընդամենը մեկ ամիս նման պատմության մեջ ընկավ մեկ այլ փառապանծ գործիչ: Նրան անունն էլ սպանության գործին խառնվեց: Եվ ի՞նչ եղավ. Մեկ ժամով հարցաքննության կանչեցին, որից հետո առոք-փառոք դուրս եկավ ու հայտարարեց՝ թող Աստված ների մեղավորներին»:
Քրեագետին զարմացնում է նաև տեղի ունեցածից հետո տարածած հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումը՝ որոշել եմ թողնել մարզպետի իմ լիազորությունները մինչև նախաքննության ավարտը: «Մարդ է սպանվել, երկուսը ծանր վիրավորված եմ: Նորմալ մարդը կասեր՝ ես հրաժարական եմ տալիս և վերջ»:




