
Մարտական գործողությունները շարունակվել են նույն սաստկությամբ։ Այսօր Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Այսօր՝ վաղ առավոտյան, մարտական գործողությունները նորից վերսկսել են նոր թափով, ինչպես հյուսիսում, այնպես էլ հարավում։ Հյուսիսում այսօր ավելի ինտենսիվ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը, բայց ավելի ծանր մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։
Հայկական զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին և անհրաժեշտ հակահարված տալով ետ շպրտել ելման դիրքեր»,- նշել է Հովհաննիսյանը։
Անդրադառնալով այսօր Ադրբեջանի նախագահի այն հայտարարությանը, թե իբրև իրենց հաջողվել է ազատագրել Հադրութը, Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ կասկած կա, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։
«Առնվազն մի քանի անգամ մենք պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիևը հայտարարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Եվ շատ մեծ կասկած և մտահոգություն կան, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է կա՛մ միտումնավոր, կա՛մ ուղղակի հանգամանքներն են այդպիսին, մենք շատ ենք տեսել ռազմի պատմության մեջ, որ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում, անհաջողությունները վերև չեն բարձրանում, հետևաբար, խաթարվում է կառավարման համակարգը։ Շատ հնարավոր է՝ ինքն այդ ծուղակում է»,- ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։
Ինչպես են զգում ռազմաճակատում կին-զինծառայողները, հնչեցված հարցին պատասխանելով, Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել․
«Ծանոթացել եմ հակատանկիստ 5 կնոջ հետ, նրանք հերոսություն կատարող գերպրոֆեսիոնալ պայմանագրային զինծառայողներ են, ովքեր շահագործում են մեր ԶՈւ ամենալավ հակատանկային միջոցներից մեկը, և ուղղակի իրենց հիանալի են դրսևորում, կարելի է ասել նույնիսկ մեկ ճանճի շարժում անգամ չի վրիպում նրանց հակատանկային միջոցների խոցումից»։
Ըստ Հովհաննիսյանի ունենք դիպուկահար, հրետանավոր և նույնիսկ վաշտի հրամանատար կանայք, որոնք ամեն օր մարտական խնդիր են կատարում, հերոսանում են։
«Ծանոթացել ենք աղջկա հետ, ով 6 ամսական երեխային թողել է մոր խնամքին և եկել է պատերազմ»,- նշել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը։




