
Մոսկվայում արտգործնախարարների հանդիպումից մանրամասների սպասում են նաև Ազգային ժողովում։ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպվում է այնպիսի պայմաններում, երբ կողմերն իրենք չգիտեն, թե ինչ են ակնկալում այդ հանդիպումից։ Խորհրդարանականները, սակայն, շտապում են հստակեցնել, որ հերթը բանակցություններին դեռ չի հասել։
Արտգործնախարարների մոսկովյան հանդիպումը խորհրդարանի միջանցնքներում քննարկվող կարևոր թեմաներից մեկն էր։ Բայց պատգամավորներն այսօր հավաքվել էին խորհրդարանում արտահերթ աշխատելու և հայտարարված ռազմական դրության առնչվող օրենսդրական բացերը շտկելու համար։
Արտգործնախարարների այսօրվա մոսկովյան խորհրդակցությունները ռուսական կողմը նախաձեռնել է բացառապես մարդասիրական հարցեր քննարկելու համար։ Խոսքը ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով դիերի և գերիների փոխանակման մասին է։ Այս ամենը դեռ բանակցություններ չեն, և քննարկումները չեն առնչվելու տարածքային ու դիրքային խնդիրներին։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինայն․
«Կարծում եմ՝ այս պահին բանակցությունների մասին խոսելն անիմաստ է ընդհանրապես։ Նախ՝ պետք է դադարի պատերազմը, հետո, եթե լինի համապատասխան մթնոլորտ, գուցե, կարելի է մտածել բանակցությունների մասին։ Ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտական սեղանների շուրջ որևէ հետքայլ չենք անելու մեր՝ Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության կենսական շահերից»։

Երևանը մոսկովյան խորհրդակցություններին մասնակցում է դիվանագիտական առումով բարենպաստ պայմաններում՝ կարծում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը․
«Տեսնելով արձագանքը համաշխարհային մամուլի, համաշխարհային քաղաքական գործիչների՝ կարող եմ ասել, որ այդ մասում մենք միանշանակ հաջողել ենք։ Եվս մեկ կարևոր փաստ Ռուսաստանի դերակատարումն է։ Այն բոլոր սակարկումները, այդ ստահոդ լուրերը, որոնք տարածվել են՝ իրականությանը չեն համապատասխանում։ Այսօր մենք ունենք գերազանց հարաբերություններ նաև երկրների ղեկավարների մակարդակով, և դա ակնհայտ է ու շոշափելի»։
Ռազմա–դիվանագիտական աշխատանքի արդյունքներից մեկն այն է, որ աշխարհը սկսում է խոսել հակատեռորիստական կոալիցիայի ստեղծման և տեռորիստների դեմ պայքարելու անհրաժեշտության մասին։ Թուրք–ադրբեջանական ագրեսիան ստեղծել է մի իրավիճակ, որի արդյունքում փոխվելու է նաև հայկական դիվանագիտության աշխատանքի բովանդակությունը։ Հստակ շեշտադրումներն արդեն հայտնի են։ Ռուբեն Ռուբինյան․
«Ադրբեջանաթուրքատեռորիստական հարձակումից հետո պետք է սկսել մտածել Արցախը ճանաչելու մասին, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է կայուն կերպով երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։ Ընդհանուր առմամբ այս պատերազմի արդյունքում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընկալումները միջազգային և այդ թվում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների շրջանում էապես փոխվել են, մեծ դիվանագիտական աշխատանք կա անելու և հիմա, և ապագայում։ Արցախի ճանաչումը դառնում է և պետք է դառնա թիվ մեկ հարցը օրակարգում»։
Իսկ քանի դեռ պատերազմական գործողությունները շարունակվում են, ռազմական դրության պայմաններում գտնվող Հայաստանը պետք է ապրի իրավիճակի թելադրած կանոններով։ Խոսքը նաև տեղեկատվական պատերազմի մասին է, որը, այսպես կոչված, 5–րդ սերդի պատերազմի բաղադիչներից է։ Կառավարությունն ու խորհրդարանը հստակեցրին ռազմական դրության իրավական ռեժիմի խախտման համար պատասխանատվության շրջանակն ու նախատեսվող պատժամիջոցները։ Օրինակ՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում ռազմական դրության ժամանակ ստահոդ լուրեր և ապատեղեկատվություն տարածելու համար։ Աժ–ում նախագիծն ընդունվեց միաձայն։ Նախագծի էությունն ու նպատակը ներկայացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Կառավարությունը չի պատրաստվում իր գործելաոճը որևէ կերպ փոխել։ Վերջին շրջանում բոլորս հետևում ենք սոցցանցերում առկա տեղեկատվությանը՝ այդ թվում կեղծ։ Ականատես ենք եղել, որ ակնհայտ սադրիչ տեղեկություններ են տարածվել, որոնք, այո, հերքվել են, բայց մինչև հերքում լայնորեն տարածվել են։ Այսինքն՝ այնպիսի տեղեկություններ են հայտնվում, որոնցով, չի բացառվում, նաև թշնամական երկիրն է զբաղվում։ Սա հանրային համերաշխությունը կամ տարբեր ուժերի միջև համերաշխությունը խաթարելու մասին չէ կամ կառավարության գործելաոճը փոփոխելու մասին չէ։ Սա այն անհատական դեպքերի մասին է, երբ դիտավորությամբ այդպիսի տեղեկություններ են տարածվում՝ բազմաթիվ հորդորներից հետո, որ խնդրում ենք բացառապես պաշտոնական լրահոսից օգտվել և այլն»։
Մեկ այլ կարգավորմամբ սահմանվեց, որ կամավորագրվելու, զորավարժություններին մասնակցելու, զորահավաքային զինծառայության անցնելու դեպքերում աշխատողի աշխատատեղը պահպանվում է, նա ազատվում է աշխատանքային պարտականությունների կատարումից, բայց աշխատանքային ստաժը շարունակում է հաշվարկվել, իսկ վարձատրման հետ կապված հարցերը կարգավորվում են աշխատողի ու գործատուի համաձայնությամբ:




