
«Երևանը խաղաղություն է ուզում», իսկ «Բաքուն՝ Երևանը»․ Վաշինգտոնում ամերիկահայերի բողոքի ակցիան կոչով մեկնարկեց։ ԱՄՆ–ի մայրաքաղաքում Սպիտակ տան հարևանությամբ բազմամարդ բողոքի ակցիան իրականացվում էր ընդդեմ Հայաստանում և Արցախում թուրքական և ադրբեջանական ագրեսիայի։
«Վաշինգտոնի հայկական քայլարշավը ահազանգ է լինելու ամերիկյան առաջնորդների համար, որ վերջիններս վերականգնեն ինքնորոշման, ժողովրդավարության և մարդկային արժանապատվության համաամերիկյան արժեքների նկատմամբ իրենց պարտավորությունները»,- ասված է երթի կազմակերպիչների ֆեյսբուքյան էջում։
Հայրենասիրական երգերով, դրոշներով ու պաստառներով ամերիկահայերը կոչ էին անում աշխարհին․ EDUCATE YOUR YOUTH ARTSAKH IS ARMENIA․ կրթեք ձեր երիտասարդներին․ Արցախը Հայաստան է։ TURKEY… STOP DENYING HISTORY Թուրքիա դադարիր հերքել պատմությունը։

Հավաքվածները շնորհակալություն էին հայտնում իրենց ամերիկացի ընկերներին և որ ամենակարևորն է հայերին, որոնք հարևան քաղաքներից եկել ու միացել էին ակցիային։ Բողոքի բազմամարդ ակցիան ավարտվեց ուշ երեկոյան՝ ՀՀ օրհներգի կենդանի կատարմամբ։
ԱՄՆ–ի Կալիֆոռնիա նահանգի հայաշատ Գլենդելում քաղաքում էլ նախօրեին հիշատակի միջոցառում է կազմակերպել՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց հիշատակին:
Միջոցառումն անցկացվել է Գլենդելի Սբ. Մարիամ եկեղեցու բակում, կազմակերպվել է մոմավառություն, հնչել են հիշատակի ելույթներ ու հայրենասիրական երգեր:

Փարիզում գտնվող Թուրքիայի դեսպանատան դիմաց ևս բողոքի ակցիան եռագույն էր։ Ֆրանսահայերը Թուրքիայի դեսպանատան մոտ էին՝ դատապարտելու Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմում Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերվող աջակցությունը:
Ակցիային մասնակցել է մոտ 2 հազար մարդ՝ նրանց թվում ՝ նաև ֆրանսիացիներ, որոնք Արցախյան խնդրի մասին տեղեկացել են իրենց հայ ընկերներից:

«Կան այստեղ ապրող մարդիկ, որոնք չգիտեն այս խնդրի մասին, և փորձում ենք այս ցույցերով նրանց տեղեկացնել հակամարտության մասին: Այս ցույցերին միանում են նաև այլ համայնքների ներկայացուցիչներ՝ հույներ, քրդեր, եզդիներ և այլն »,- նշում է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ցյուրիխում նույնպես բողոքի ակցիա է իրականացվել ընդդեմ Արցախում ռազմական գործողությունների։ Իսկ հարևան Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել Ստոկհոլմի կենտրոնում։ Ցուցարարները պարզել են «Թույլ մի տվեք, որ Թուրքիան շարունակի Ցեղասպանությունը», «Դատապարտեք Ադրբեջանի ագրեսիան» վերտառություններով պաստառներ։ Ինչպես աշխարհի մյուս ծայրերում, այստեղ ևս բողոքի ակցիան մեկնարկել ու ավարտվել է հայրենասիրական երգերով։

Ամերիկյան Յուտա նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչներն ու նրանց աջակիցներն էլ հավաքվել էին Յուտայի համալսարանի մոտ՝ իրենց ուղերձը հայտնելով և բողոքի ձայնը բարձրացնելով ադրբեջանական հարձակումների դեմ: Ցույցի մասնակիցները հստակ պահանջ են ներկայացրել՝ ԱՄՆ ղեկավարությանը կոչ անելով շուտափույթ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու Արցախի դեմ ադրբեջանական հարձակումներին:
Երգերով ու դրոշներով նրանք դիմել են երկրի և նահանգի ղեկավարներին՝ Արցախի շուրջ հակամարտությանը միջամտելու և օգնելու խնդրանքով:
Իսրայելի հայ համայնքն էլ վրդովված է հրեական պետությունից Ադրբեջանին զենք մատակարարելու առնչությամբ։

«Ադրբեջանին զենք վաճառելու պատճառով խիստ զայրացած ենք Իսրայելի կառավարության վրա։ Դա վնաս է հասցնում ոչ միայն հայ ժողովրդին, այլև Իսրայելի ժողովրդին»,- ասել է Իսրայելում «Նոյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանը։
Արգենտինայի Բուենոս Այրեսի կենտրոնական փողոցները ևս տևական ժամանակ փակ են եղել եռագույններով։ Տեղի հայ համայնքն իր ձայնն է բարձրացրել և ասել աշխարհին, որ «Հաղթելու ենք»։




