ԿարևորՀասարակություն

Զոհված Գրիշան ուզում էր աշխարհն իմանար, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը․ Արցախում վիրավորված ֆրանսիացի լրագրող

Արցախում վիրավորված ֆրանսիական Le Monde-ի լրագրող Ալան Կավալը շնորհակալություն է հայտել բոլոր նրանց, ովքեր օգնել են փրկել իր կյանքը։ Այդ մասին լրագրողը գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Հրետակոծության հետևանքով զոհվեց Մարտունու քաղաքապետարանի աշխատակից Գրիշա Նարինյանը, որը մեզ ցույց էր տալիս նախորդ հրետակոծության հետքերը։ Նա 28 տարեկան էր։ Իմ մտքերն ամեն օր նրա և նրա հարազատների հետ են։ Նա զոհվեց, որովհետև ուզում էր, որ աշխարհն իմանա, թե ինչի միջով է անցնում իր ժողովուրդը»,- գրել է Կավալը։

Լրագրողը նշել է, որ արդեն ապաքինվում է ու երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, որոնք հարվածից հետո առաջին իսկ րոպեից մեծ ջանքեր են գործադրել Մարտունիում, Ստեփանակերտում, Երևանում և Փարիզում՝ փրկելու համար իր կյանքը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Մարտունիի բուժկենտրոնի հերոս աշխատակիցներին, որոնք հարձակման տակ լինելով, փրկեցին անծանոթ օտարերկրացիներին։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն տղամարդկանց, որոնք ոլորապտույտ ճանապարհով հասցրեցին ինձ Ստեփանակերտ շտապօգնության հին մեքենայով»,- գրել է նա՝ շնորհակալություն հայտնելով բոլոր բուժաշխատողներին։

Կավալը նաև շնորհակալաություն է հայտնել Արցախի, ՀՀ և Ֆրանսիայի իշխանություններին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության աշխատակիցներին, իր գործընկերներին։

Ֆրանսիացի լրագրողը վիրավորվել է հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական հրետակոծության հետևանքով։ Նրան ուղեկցում էին լրագրող Հերմինե Վիրաբյանը, ֆոտոլրագրող Ռաֆայել Յաղոբզադեն։ Լրագրողներին ուղեկցում էր մարտունեցի 28-ամյա Գրիշա Նարինյանը, որը զոհվել է։

Նախօրեին Շուշիի Սուրբ Ղազանչոցոց վանքի մոտ հրետակոծության հետևանքով վիրավորվել էին միջազգային ԶԼՄ-ների երեք ներկայացուցիչներ։ Մեկի վիճակը բժիշկները ծայրահեղ ծանր էին գնահատում։

Կարդացեք նաև

Back to top button