ԿարևորՀասարակություն

Վիրավոր զինծառայողների 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում վերադառնում է շարք

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայկական միասնական կենտրոնում ներկայացրել է արցախա-ադրբեջանական սահմանային իրավիճակի ամփոփ տվյալները։

Խոսելով մեր վիրավոր զինծառայողների վիճակի մասին, Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի և առողջապահական համակարգի լավ աշխատանքի, վիրավոր զինծառայողների 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում դուրս է գրվում հիվանդանոցից և վերադառնում շարք։

«Ես կարող եմ լավ լուր ասել՝ շնորհիվ մեր բժիշկների փայլուն աշխատանքի՝ վիրավորվածների մոտ 30 տոկոսը 24 ժամվա ընթացքում, ստանալով համապատասխան բուժօգնություն, վերադառնում է շարք։ Դա բավական լավ ցուցանիշ է կոնֆլիկտների ժամանակ, եթե մանավանդ հաշվի առնենք, որ կողմերը հրետանային միջոցներ կիրառում են շատ խիտ»,- ասել է նա։

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե որքան զինտեխնիկա է կորցրել հակառակորդը, Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ դրանք ռազմական գաղտնիք պարունակող տեղեկություններ են, բայց որ հակառակորդը փորձում է կորցրած զինտեխնիկան համալրել, դա փաստ է։

«Պատերազմի առաջին հինգ օրերի ընթացում Ադրբեջանի սպառազինության կորուստների տեմպերը չափազանց բարձր էին։ Հիմա մի փոքր անկում են ապրում, որովհետև այդ տեխնիկան այլևս չկա, որպեսզի նույն ինտենսիվությամբ կիրառեն։ Դրա փոխարեն հիմա լայնորեն կիրառվում է հրետանի։ Բայց այն, որ իրենք դա փորձում են լրացնել ու շարունակել այս ցեղասպան ու մարդասպան գործողությունները, դա ակնհայտ է։ Ինչքան կտևի ու ինչպես կտևի, բարդ է կանխատեսել»,- ասել է Հովհաննիսյանը։

Սուրբ Ղազանչեչոց եկեղեցու հրետակոծությունից վիրավոր լրագրողների վիճակի մասին մանրամասներ Հովհաննիսյանը խոստացավ հայտնել ավելի ուշ։

Տեղեկատվական կենտրոնում գտնվող բոլոր լրագրողներին, և հատկապես միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին Հովհաննիսյանը հատուկ շնորհակալություն հայտնեց, որ անտեսելով վտանգները, նրանք լուսաբանում և աշխարհին են ներկայացնում տեղի ունեցածը։

https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/2662164194034767

Կարդացեք նաև

Back to top button