ԿարևորՀասարակություն

Կառավարությունն ավելացնում է ռազմական ծախսերը

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի 11-րդ օրը Ազգային ժողովն ընդունեց ռազմական ծախսերը 40 մլրդ դրամով ավելացնելու, 2020թ. բյուջեի մի շարք ցուցանիշները փոխելու վերաբերյալ կառավարության առաջարկությունը:

Ինչպես հայտնում է parliamentmonitoring.am-ը, այդպիսով, ԱԺ-ն այս տարի երկրորդ անգամ փոփոխություն կատարեց «2020թ. բյուջեի մասին օրենքում». առաջինը ապրիլի 29-ին էր` պայմանավորված COVID-19 համավարակով: Այն ժամանակ կառավարությունն առաջարկում էր թույլ տալ ավելացնել առողջապահական ծախսերը և մինչև համավարակի ավարտը, առանց խորհրդարանի համաձայնության, կատարել բյուջետային վերաբաշխումներ: Այս անգամ գործադիրը խորհրդարանից նույն հնարավորությունն ստացավ ռազմական ծախսերի համար: «Կլինեն ծախսեր, որոնք նույնչափ առաջնահերթ չեն համարվի, և գումարը կծախսվի ռազմական կարիքների համար»,- նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Այս նախագիծը առավելապես բանակի թիկունքը ավելի ամուր պահելու համար ֆինանսական ռեսուրսներ հատկացնելու մասին է»,- հավելեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը։

Օրենսդրական այդ փոփոխությամբ կառավարությունն Ազգային ժողովից ստացավ համաձայնություն ևս մեկ անգամ ավելացնելու բյուջեի դեֆիցիտը՝ այն հասցնելով ՀՆԱ 7,4 տոկոսի կամ 459 մլրդ դրամի: Ապրիլին կատարված առաջին փոփոխության ժամանակ սահմանվել էր 5 տոկոս կամ 324 մլրդ դրամ: Հիշեցնենք, որ նախապես այն պլանավորված էր 161 մլրդ դրամի չափով: Այդպիսով, ՀՀ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կմոտենա շուրջ 67 տոկոսի՝ հատելով 60 տոկոսի շեմը:

Կառավարությունը երկրորդ անգամ վերանայեց նաև 2020թ. համար արված իր տնտեսական մի շարք կանխատեսումները՝ ապրիլին սահմանված 6 տրլն 455 մլրդ ՀՆԱ-ն կնվազի մինչև 6 տրլն 170 մլրդ դրամ: Ատոմ Ջանջուղազյանը նկատեց, որ ստեղծված իրավճակում էլ ավելի կնվազեն եկամուտները՝ այս տարվա համար հասնելով 1 տրլն 320 մլրդ դրամի, ինչը մոտ 35 մլրդ դրամով պակաս է ապրիլին ընդունված փոփոխության համեմատ: 0,3 տոկոսով նվազեցվեց հարկեր/ՀՆԱ ցուցանիշը։ Վերագնահատվել է նաև տարեկան ծախսերի չափը՝ 1 տրլն 637 մլրդ դրամ, որն էլ 9,5 մլրդ դրամով ավելի է ապրիլին կատարված փոփոխությունների համեմատ, իհարկե, պարտքի հաշվին:

«Ռազմական գործողություններով պայմանավորված՝ սպասվում է զբաղվածության ժամանակավոր նվազում, մասնավոր հատվածում պահանջարկի կրճատում, անորոշությունների ու ռիսկերի աճ: «2020թ. սպասվում է 6,8 տոկոս տնտեսական անկում ավելի վաղ նշված 2 տոկոսի փոխարեն»,- ամփոփեց Ատոմ Ջանջուղազյանը:

Պատերազմական իրավիճակով պայմանավորված` ԱԺ-ն ընդունեց կառավարության ևս երկու առաջարկ։ Առաջինը «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն է: Այն բանկերին և վարկային կազմակերպություններին հնարավորություն կտա առանց հարկային պարտավորությունների ներել ֆիզիկական անձանց՝ մինչեւ 2020թ. օգոստոսի 31-ը 91 եւ ավելի օր չսպասարկված և անհուսալի ճանաչված վարկերի գծով հաշվեգրված տույժերն ու տուգանքները: Սա նման բովանդակությամբ երկրորդ հնարավորությունն է՝ տրված բանկերին և վարկառուներին։

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ներկայացրեց, որ հաշվարկվել են մոտ 13,5 մլրդ դրամ տույժ-տուգանք՝ մի մասը՝ բանկերում, մյուսը՝ վարկային կազմակերպություններում: Այսպես կոչված՝ համաներումը վերաբերում է շուրջ 230 հազար վարկային պայմանագրի, որոնք արդեն ճանաչվել են անհուսալի: «Այս նախագիծը շատ կարևոր է այս անձանց ֆինանսական վիճակը բարելավելու գործում»,- ասաց փոխնախարարը:

«Եթե բանկերը որոշեն ներել ժամկետանց կամ անհուսալի վարկերի տույժ ու տուգանքները, միևնույնն է, դրանք բանկի համար համարվում են եկամուտ և հարկման բազա, ու դրա համար շահութահարկ են վճարում: Այս նախագիծը հնարավորություն է տալու, որ բանկերն այդ հարկերը չվճարեն: Այսինքն, եթե բանկերը ընդառաջ քայլ են անում դժվար իրավիճակում հայտնված մեր քաղաքացիներին, պետությունը նույնպես քայլ է անում և ազատում է նրանց հարկերից: Իհարկե, վերջնական որոշումը բանկերինն է, թե ում վարկը ներեն»,- հավելեց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

Գործադիրի մեկ այլ՝«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում առաջարկող նախագծի համաձայն պետական համակարգում աշխատող անձինք, ցանկության դեպքում, կկարողանան իրենց սոցփաթեթի գումարները փոխանցել ռազմական դրության արդյունքում առաջացած պետական կարիքների ֆինանսավորման նպատակով: «Նախագծի պատճառն այն է, որ սոցիալական փաթեթի մի խումբ շահառուներ ցանկանում են մասնակցել հայտարարված դրամահավաքներին: Ներկայումս սոցիալական փաթեթի գումարները նշված կամ այլ ուղղություններով չեն կարող ծախսվել: Ընդ որում՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար սահմանվելու են այն հիմնադրամները, որոնց կթույլատրվի փոխանցում կատարել: Այս պահին խոսքը գնում է երկու՝ Զինծառայողների ապահովագրության և «Հայաստան» համահայկական հիմնադրամների մասին»,- ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:

«Չափազանց կարևոր նախագիծ է, երեկ այս հարցով ինձ են դիմել բազմաթիվ ուսուցիչներ։ Ուզում եմ կոչով դիմել իմ նախկն ու ներկա կոլեգաներն, արդեն ունեք հնարավորություն՝ սոցթփաթեթի գումարը եթե չեք ուզում ծախսել, վստահ եմ՝ որևէ մեկը այս օրերին չի գնա հանգստի, կարող եք փոխանցել այդ հիմնադրամներին: Վստահ եմ՝ այս քայլին կդիմեն նաև պետական ապարատի բոլոր աշխատողները»,- Հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը։

Այս երեք նախագծերն էլ խորհրդարանն ընդունեց հատուկ ընթացակարգով՝ 24 ժամյա ռեժիմով և միաձայն։

Կարդացեք նաև

Back to top button