ԿարևորՔաղաքական

Ստեփանակերտը՝ բունկերից․ ԵԽԽՎ անդամները լսել են և զգացել

Հաշվի առնելով ռազմական իրավիճակը` ընդամենը 30 րոպե է այսօր աշխատել Հայաստանի խորհրդարանը՝ ներկայացնելով և քվեարկելով միայն հրատապ նախագծերը։ Խորհրդարանի 3 խմբակցությունների պատգամավորների մեծ մասը Արցախից է վերադարձել՝ լիագումար նիստին մասնակցելու համար և կրկին վերադառնալու Արցախ։ ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության անդամները ռմբակոծվող Ստեփանակերտից են երեկ մասնակցել Մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստին։ Խորհրդարանի ընդդիմադիրները թեև նշում են, որ վերջին օրերին դիվանագիտական անհրաժեշտ աշխատանք տարվել է, թե խորհրդանից, թե ԱԳՆ–ից, թե կառավարությունից։ Խորհրդարանի այսօր հիմնական թեման բացառապես թուրք–ադրբեջանական թշնամական գործողություններն էին։   

Ընդդիմադիր գործիչները թեև ընդունում են, որ բավականին դիվանագիտական աշխատանք է արվել թե Աժ–ից, թե արտգործնախարարությունից, թե կառավարությունից, սակայն կան հարցեր, որ ուզում են ճշտել անձամբ վարչապետից։ ԱԺ–ում վաղվա հարցուպատասխանի ժամանակ դրանք հնչեցնել հնարավոր չէ։ Խոսքը տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ բազմաթիվ հեռախոսազրույցների բովանդակության մասին է։ Դա է պատճառը, որ «Լուսավոր Հայաստանից» հատուկ ձևաչափով հանդիպում են ակնկալում վարչապետի հետ։ ԲՀԿ–ում առաջարկը դեռ չեն քննարկել, մեծամասնությունն էլ՝ թաքցնելու բան չունի։ Արարատ Միրզոյանը խոստացավ՝ աշխատանքներ այդ ուղղությամբ կարվեն՝ ամեն ինչ կախված է վարչապետի աշխատանքային գրաֆիկից։

Արցախ․ռմբակոծվող Ստեփանակերտ․ ապաստարան․ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը և պատգամավոր Էդմոն Մարուքյանը աննախադեպ պայմաններում են երեկ մասնակցել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի փակ նիստին։ Էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ ինքը ստիպված էր ապաստարանից միանալ․

«Մոնիտորինգի նիստին ես կապվել եմ բունկերից և դա կարծում եմ մեծ ազդեցություն է թողել մեր գործընկերների վրա։ Խնդիրը բնականաբար քննարկվել է, թեժ խոսակցություն է տեղի ունեցել, օնլայն ռեժիմում տեղեկացրել ենք մեր բոլոր գործընկերներին, թե ինչ է կատարվում։ Հենց այդ պահին Ստեփանակերտում ռմբակոծվում էին մանկապարտեզներ, դպրոցներ, խիտ բնակեցված թաղամասեր և դրանք ռմբակոծվում էին, ըստ էության, արգելված զենքերով։ Ինչի մասին նույնպես տեղեկացրել ենք մեր գործընկերներին»։     

Այլ ձևաչափով իրավիճակին ծանոթանում է Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինը։ Նա այսօր Աժ–ում էր՝ փակ հանդիպումների։ Միջանցքում նրան տեսան նաև լրագրողները։ Դեսպանը նախապես նշեց․ «որևէ մեկնաբանություն չի կարող տալ»։

 «Մենք հետևում ենք իրադարձություններին Բրյուսելից։ ԵՄ բարձր ներկայացուցիչն արել է իր հայտարարությունը, մենք նաև ուղիղ կապի մեջ ենք արտգործնախարարության հետ: Շատ հստակորեն ասել ենք, որ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումը հանդուրժելի չէ որևէ դեպքում», — լրագրողներին ասաց ԵՄ դեսպանը:

Ըստ Անդրեա Վիկտորինի՝ Թուրքիայի նկատմամբ ԵՄ կողմից պատժամիջոցներ կիրառելու հարցը պետք է միասին որոշեն 27 անդամ պետությունները։ Դեսպանն ասում է, որ այս պահին չի կարող բոլորի փոխարեն պատասխանել։  4

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը փաստում է՝ պատերազմի 2–3 օրից սկսած միջազգային այսպես ասած  «խաղացողների» կողմից ընկալումների փոփոխություն տեղի ունեցավ։ Աշխարհն ընդունեց փաստը, որ Թուրքիան ներգրավված է պատերազմում, ավելին՝ վարձկան ահաբեկիչներին օգտագործում է հայերի դեմ։

«Թուրքիան անցել է բոլոր կարմիր գծերը և իրեն պահում է տեռորիստ պետության պես և, ըստ էության, վերածվել է տեռորիստ–պետության։ Մենք բոլորից ակնկալում ենք շատ կոշտ հանդիմանում և շատ կոշտ քննադատություն Թուրքիայի և Ադրբեջանի այս հակաօրինական, հակահումանիստական և ագրեսիվ գործողություններին։ Մենք վստահ ենք, որ մեր բարեկամները, և առաջին հերթին Ռուսաստանը, իրենց կայունացնող դերը այս տարածաշրջանում կկատարեն»։   

Միջազգային հարթակում իրավիճակն այս պահին նույնը չէ, ինչ ասենք՝ 5 օր առաջ։ Հայաստանի դիվանագիտական աշխատանքի համար մեծ հնարավորություններ են բացվել, կարծում է Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։ Աշխարհը աստիճանաբար հասկանում է, որ սա տարածքային վեճ չէ, արդեն վերածվել է Թուրքիայի ագրեսիվության մի ճակատի։ Այս դեպքում Հայաստանը միջազգային հարթակներում ձգտելու է հասնել այլ ձևակերպումների։

 «Թուրքիայի գործողությունները պետք է աներկբայորեն դատապարտվեն։ Չի կարելի հավասարության նշան դնել արդեն 3 կողմերի միջև։ Արդեն ոչ թե 2, այլ 3 կողմ են այս կոնֆլիկտում՝ ռազմական գործողություններում նկատի ունեմ և այլևս չի կարելի հավասարության նշան դնել։ Պետք է շատ հստակ դատապարտվեն մեղավորները, որովհետև ակնհայտ է, թե ով է սանձազերծում։ Այսօր մենք ոչ թե գործ ունենք Ադրբեջանի հետ, Ադրբեջանի հարցերը լուծված են և այդ պետության հարցերը զարմանալիորեն լուծել է Թուրքիան։ Ըստ էության Ադրբեջանն այսօր չունի այն սուվերենությունը, որ ուներ 10 օր առաջ։ Հիմա մենք գործ ունենք Թուրքիայի հետ և վարձկան ահաբեկիչների հետ։ Իսկ եթե խնդիրը մենք այս կոնտեքստում ենք նայում, այդ խնդիրը լուծվում է ավելի երկար ժամանակում և ավելի դիվերսիֆիկացված գործիքներով»։

Վաղն արդեն Եվրախորհրդարանում է կայանալու լիագումար նիստ։ Այն նույնպես նվիրված է լինելու ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների սրմանը։

Կարդացեք նաև

Back to top button