Հասարակություն

Դեղորայքային ալերգիայի դեպքեր` Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը

Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատնից մայիսի 30-ին «Արաբկիր» բժշկական համալիր է ընդունվել հեպատիտ Ա կասկածով 3 երեխա: ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ մասնագետների խումբն անմիջապես իրականացրել է համապատասխան հետազոտություններ: ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված մանկատունը նախատեսված է նյարդահոգեբանական խնդիրներով երեխաների համար: Մայիսի 29-ին նյարդաբանական վիճակի շարժը պարզելու նպատակով մանկատան բժշկի ուղեգրմամբ Ս.Մ.Բերեզինի անվան կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոնում 6 երեխայի կատարվել է մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիա: Հետազոտված բոլոր երեխաների մոտ առաջացել է ինքնազգացողության վատացում, ընդհանուր թուլություն, փսխում, ջերմության բարձրացում:

Մանկատան բուժանձնակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների շնորհիվ երեխաներից 3-ը դուրս է եկել այդ վիճակից, իսկ մյուս 3-ը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր: Նախնական վարկածով երեխաներից 2-ի մոտ ախտորոշվել է «դեղորայքային ալերգիա», իսկ մեկ երեխայի մոտ` «հիպովոլեմիկ շոկ»: Հոսպիտալացումից հետո երեխաներին անմիջապես ցուցաբերվել է բժշկական անհրաժեշտ օգնություն, կատարվել են լաբորատոր հետազոտություններ: ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, երեխաների վիճակը կայուն է՝ լավացման դինամիկայով:

Back to top button