
ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել, որում ողջունում է փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը:
«Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում:
Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի: Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը:
Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում:
Տես նաև՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ




