ԿարևորՀասարակություն

Առաջին օգնություն՝ մարտի դաշտում․ ինչ է պետք իմանալ

Առաջին բուժօգնության դասընթացները բժիշկ-նյարդաբան Գարիկ Եգանյանը սկսեց վարել դեռ բանակում ծառայելու տարիներից։ Այսօր, երբ երկրում ռազմական դրություն է, բժիշկը շաբաթվա ընթացքում մի քանի դասընթաց է վարում ` «Առաջին բուժօգնությունը մարտական իրավիճակներում» խորագրով։ Ասում է՝ սկզբում նախատեսել էին մեկ դասընթաց, բայց հասկանալով, որ պահանջարկն ու անհրաժեշտությունը մեծ է, ավելացրին դասընթացների քանակը․

 «Քանի որ բանակում այս պահին թերապևտիկ մասնագիտությունների տիրապետող բժիշկների չեն անդամագրում, որոշեցի այս կերպ օգուտ տալ»։

Մի քանի պարզ հնարք, թե ինչ անել մարտի դաշտում, երբ կողքիդ վիրավոր կա։ Առաջին բուժօգնության ամենապարզ կանոնների մասին բժիշկը ռադիոլսողներին պատմում է․

«Պետք է պահպանել սառնասրտությունը և հասկանալ գիտակցության մակարդակը, եթե գիտակից է, համապատասխան գործողություններ կատարել, իսկ եթե չկա գիտակցություն, սիրտ-թոքային վերակենդանացում անել»։

Կամավորներին առաջին բուժօգնության կանոնները սովորեցնելու գործից անմասն չէ նաև Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամը, որը դեռ մեկ տարի առաջ հանդես էր եկել առաջին բուժօգնության դասընթացներ կազմակերպելու նախաձենությամբ, որի շուրջ միավորվեցին համապատասխան մասնագետները՝ ներառյալ Առողջապահության նախարարությունից։ Այսօր  հիմնադրամը շարունակում է իր գործունեությունը և առաջնագիծ գնացող կամավորների համար կազմակերպում է 4 ժամյա դասընթացներ`«Առաջին օգնությունը դաշտային պայմաններում» թեմայով: Հիմնադրամի տնօրեն Արա Բարսեղյանն ասում է, որ դասընթացները կվարեն հիմնադրամի փորձառու հրահանգիչները․

«Մեր նպատակն է նախնական գիտելիքներ տալ կամավորներին, ովքեր պատրաստվում են ռազմաճակատ մեկնել»։

Վատագույն սցենարը՝ պատկերացրեք, որ ռազմի դաշտում վիրավորվեցիք, ի՞նչ անել հետո․

«Եթե մարդու գիտակցությունը տեղն է, ուրեմն ինքը առաջին հերթին կարող է իրեն օգնել և առաջին ամենամեծ խնդիրները՝ վտանգավոր գոտուց հեռանալ, կանգնացնել արյունահոսությունը»։

Առաջին բուժօգնության կանոններին տիրապետելը մարտի դաշտում անհրաժեշտություն է, բայց վիրավոր մարմնից ավելի վատ  վիրավոր ոգի ունենալն է, ինչը ռազմի դաշտում հայ մարտիկներին անծանոթ երևույթ է։

Կարդացեք նաև

Back to top button