
Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում եւ Բելառուսում, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ: Պուտինն ու Մակրոնը հակամարտության կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի եւ լարվածությունը թուլացնելու կոչ են արել:
«Մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը հակառակորդ կողմերին շուտափույթ եւ ամբողջական հրադադարի, դեէսկալացիայի եւ առավելագույն զսպվածություն ցուցաբերելու կոչ են արել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մամուլի ծառայությունը հավելել է, որ զրույցի ընթացքում նշվել է, որ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներով կարգավորումը այլընտրանք չունի: «Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում: Նրանք պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման եւ բանակցային գործընթացի վերսկսման»,- տեղեկացրել է Կրեմլը:




