Ըստ Կիպրոսի «Geopolitical Cyprus» վերլուծական կենտրոնի ուշագրավ տեղեկության՝ Արցախի ռազմաճակատում թուրքական Bayraktar TB-2 հարվածային ԱԹՍ-ների կիրառումը և դրանց կառավարումը համակարգում է թուրք գեներալ Գյոքսել Քահյան (Goksel Kahya), որը մինչ այդ համակարգում էր ԱԹՍ-ների կիրառումը նաև Լիբիայում, գրում է Razm.info մասնագիտացված կայքը:
Այս տեղեկությունը լրացուցիչ ստուգման կարիք ունի, սակայն դրա հավաստիության օգտին այլ փաստեր էլ են խոսում, նշում է կայքը։ Օրինակ՝ այս տարվա օգոստոսի 13-ին Իլհամ Ալիևն ընդունել էր Թուրքիայի պաշտպանության նախարարի ղեկավարած պատվիրակությանը, որի անդամ էր նաև գեներալ Քահյան: Այդ հանդիպմանը ներկա էին պաշտպանության նախարարը և Թուրքիայի առանձին զորատեսակների հրամանատարները, որոնց ֆոնին Քահյայի զբաղեցրած պաշտոնը (ՊՆ փոխնախարարի տեղակալ) համեմատաբար ցածր է, ինչը նշանակում է, որ նրա ներկայությունը այդ հանդիպմանը ունեցել է բացառապես գործնական նշանակություն։




