
Տեղեկատվական պատերազմում ռազմաճակատի գիծն անցնում է նաեւ սոցիալական հարթակներով, որտեղ արդեն մեծ է թարգմանիչների դերը։ Այստեղ նրանք են մարտնչում ադրբեջանական կեղծիքի ու ապատեղեկատվության դեմ։ Տեղեկատվական այսօրվա, այսպես ասենք, բախումներում, մենք եւս հակառակորդին կարողանում ենք մեր ուժը պարտադրել։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ թարգմանչաց բանակը միշտ պիտի պատրաստ լինի՝ անկախ երկրում տիրող իրավիճակից։
«Առաջ մեր դիրքերը զիջում էին թե՛ անգլերենի, թե ռուսերենի պարագայում, բայց այժմ կարող ենք ասել, որ բավականին լավ առաջխաղացում կա, մասնավորապես կամավոր-թարգմանիչները շատ ակտիվ են, թվիթերյան հարթակում ևս»։
Թարգմանիչների զորահավաք՝ ուղիղ դեպի թվիթերյան ռազմադաշտ, ընդամենը մեկ օրում։ Ֆեյսբուքյան International Information խմբի անդամները ժամերի ընթացքում ավելանում են մի քանի հազարով՝ ուղղորդելով մարդկանց ՝ ինչ անել, ինչպես գրանցվել թվիթեր, ինչ թարգմանել և ինչպես տարածել։ Խմբի նախաձեռնող-հիմնադիր, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանն ասում է․
«Ընդամենը մեկ հայտարարություն անելով մենք կարողացանք բազմաթիվ լեզուներից թարգմանիչների գտնել և թվիթերյան հարթակում ոչ միայն թարգմանիչներն են մարտիկներ, այլև սովորական օգտատերերը, ովքեր մեր խմբին միանալով իմանում են՝ ինչպե՞ս գրանցվել և տարածել նյութերը, քանի որ ինչպես գիտենք, ի սկզբանե Ադրբեջանում սոցիալական հարթակները փակ էին և միայն թվիթերում էին ակտիվ գործում»։

Հանրային ռադիոյի բազմալեզու կայքերից մեկը ադրբեջաներենն է։ Ադրբեջաներեն կայքի թարգմանիչ-խմբագիր Քրիստինե Սարգսյանն ասում է, որ Ադրբեջանը հաճախ է արգելափակում Հանրային ռադիոյի կայքը, սակայն շատ ադրբեջանցիներ են նամակներով դիմում, հարցնում, թե ինչո՞ւ կայքը չի աշխատում իրենց մոտ։ Այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են, որ սեփական իշխանությունն իրենց ապատեղեկատվությամբ է «կերակրում»։
«Իրենց լրագրողների էջերում տեսնում էինք, որ գրում էին, թե հայկական տիրույթում ավելի արագ են մեզ մատուցում իրենց պաշտպանության նախարարության տեղեկատվությունը, քան մեր պաշտպանության նախարարությունը ինչ-որ բրիֆինգ կամ տեղեկատվություն կտար»։
Միայն թարգմանիչ լինելը բավական չէ քաղաքական, հասարակական, ռազմական բնույթի տեղեկությունները օտար լսարանին մատուցելու համար, հատկապես, երբ խոսքը Հայաստանի հանրային ռադիոյի մասին է, ասում է ռադիոյի կայքի գլխավոր խմբագիր Սիրանուշ Ղազանչյանը։ Նշում է, որ հնարավոր չէ թարգմանել տեքստը՝ առանց հասկանալու թեմայի բովանդակությունը։ Այստեղ արդեն ոչ թե թարգմանչական, այլ հեղինակային նյութի մասին կարող ենք խոսել, որովհետեւ թույլ տված ցանկացած սխալ՝ բառացի թարգմանության դեպքում, կարող է ծանր հետևանքներ ունենալ։

«Ցանկացած լեզու ունի իր տրամաբանությունը, հետևաբար նյութերը կարող ենք գրել և ոչ թե թարգմանել բառացի»։
Ռազմական գործողությունները շարունակվում են, բայց հայկական ոգին բարձր է և անկոտրում, որովհետև ի լուր աշխարհի, ռադիոյի 12 լեզուներով խոսող եւ արտերկրում ապրող հանրությունը, և ոչ միայն, միշտ պիտի մտապահի, որ մենք այս պատերազմը և առհասարակ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ որովհետև մեր պայքարն ազնիվ է, սա պայքար է հանուն և ոչ թե ընդդեմ խաղաղության։




