
Գյումրիի զինկոմիսարիատի բակում աննախադեպ աշխուժություն է, ոմանք եկել են զինվորական կոմիսարիատի կանչով, շատերն էլ՝ ինքնակամ են դիմել, որ նոր պատմության ու հաղթանակների մեջ իրենց դերն ունենան։ Ինչքան էլ զարմանալի է, բայց՝ լացող աչքեր չկան, մի անկոտրում ոգի է ու հաղթական տրամադրություն։ Հերթական անվանականչն է, հերթական մեքենան է ծափերով ու հաղթական բացականչություններով ուղևորվում այնտեղ, ուր աշխարհի 10 միլիոն հայի սիրտ է բաբախում։
Կամավորներից շատերին զինկոմիսարիատը մերժել է, անձնագիր էլ չունեն, դեռ անչափահաս են։ Խմբի միակ ուրախը Պատվական Աղայանն է, գնում է. «Առաջ, առաջ դեպի հաղթանակ»։

Պատվականը 2 ամիս է ինչ զորացրվել է, առավոտյան տնից դուրս է եկել առանց ծնողներին ասելու, կիմանան կզայրանան, բայց ինքը կբացատրի։ Կարևորը՝ հիմա շուտ սահման հասնի, այնտեղ իր եղբայրներն ու ընկերներն են ու իր համար՝ անպարտ հերոսները։ Եթե զինկոմիսարիատն էլ մերժեր՝ միևնունն է. «Գնալու էի մի ձև կգտնեի» ։

Պատվականը պատվով խոստացավ, վերադարձին հաղթանակը միասին ենք նշելու. «Ես անձամբ ձեզ խոստանում եմ» ։
Վարդան Արշակունին, որ պատվով է արտաբերում արքայական տոհմի իր ազգանունը, այսօր միանգամից 5 հարազատի է ճանապարհում։ «5 հոգի այսօր, երեկ էլ է մարդ գնացել, վաղն էլ՝ ես կերթամ արդեն։ Ես կամավոր եմ, եթե այսօր կանչեցին այսօր կգնամ, եթե ոչ՝ վաղը կգամ, կամավոր կգնամ»։
Վարդան Արշակունին վստահ է, իրենք են կերտելու նոր հաղթանակները։

«Մենք ենք ու մեր պես տղերքը, թե’ Հայաստանում , թե’ մեր երկրի սահմաններից դուրս։ Լա՛վ է լինելու, մեր համար լա՛վ է լինելու։ Ուշ, թե շուտ, բդի էղներ, հերիք է զոհ տանք, բդի համախմբվինք, երթանք նորմալ կռվինք»։
Անչափահասների ու երիտասարդների կողքին ուրախ ու տխուր կանգնել են 48 և 50 տարեկան Լևոն և Արամայիս Մաղաքյան եղբայրներն իրենց ընտանիքներով։ 50-ամյա Արամայիսը ինքնաբավ հպարտությամբ է կանգնել, իրեն տանում են, Լևոնին զինկոմիսարիատում մերժել են։

«Քիչմ առողջական խնդիր ունիմ, չվերցրին, բայց գուզեմ երթամ ախպորս հետ․․․ չեն տանի»:
Մաղաքյան եղբայրները 90- ականներին միասին են ծառայել, մեկը մյուսի թիկունքը պահել, հակառակորդի վարձկանների փախուստը տեսել։ Այսօր մի ճանապարհ է տեսնում։ «Հաղթանակը մերն է, ուրիշ տարբերակ չկա, մենք ոչ մի հող չունենք զիջելու» ։
Եղբայրների ընտանիքից մի քիչ հեռու հանդարտ ժպիտով 2 ընկեր են կանգնած, մանկուց միասին են, նիզականետորդ, միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի գավաթի խաղարկության կրկնակի հաղթող Մելիք Ջանոյանն ու ռազմական գործի գիտակ, հետախուզության սպա Դավիթ Կարապետյանը։ Դավթի հանդարտությունը վստահություն էր ներշնչում շրջապատի տղաներին։ «Եթե մի բանը մերն է ու պետք է պահպանվի, Աստված վերև, մենք էլ ներքև, հաստատ կպահպանենք ու Աստծո ձեռքը մեր վրա։ Այնպես որ, լավ կլինի, հանգիստ եղեք» ։
Այսօր Դավիթն է մեկնում, իր գործը լավ գիտի, Մելիքն էլ՝ իր հերթին է սպասում։

«Մենք իրենց տասնապատիկ պատասխան ենք տալու, թող բոլորն էլ իմանան։ Մեր դուխն ամեն ինչ է, գուզե հազարները գան մեկի դեմ» ։
Արտուշ Համբարձումյանի ընկերությունն արդեն 6 տարի զինվորների է տեղափոխում, հիշում է բոլոր զորակոչերը, ասում՝ այս մեկն ուրիշ է, նման բան դեռ չեր տեսել։
«Նախկինում զորակոչերին կարող է բացակայեին երեխեքը, բայց հիմա՝ կամավոր բոլորը եկել են, որ գնան։ Ես ուղղակի շոյված ու ցնցված եմ, որ մեր հայ ջահելներն այդպես համախմբված եկան ու գնացին։ Երեկ մինչև գիշերվա ժամը 3-ը գնացին» ։
Զիկոմիսարիատի մարդաշատ բակում ամենատխուրը Արտուշ Համբարձունյանի աչքերն են, չէր կարողանում զսպել հուզմունը, մտահոգ էր իր երիտասարդների կյանքի համար։ Երիտասարդերն էլ մտահոգ էին իրենց երկրի սահմանների համար ու անհամբեր, որ վայրկյան առաջ հասնեին սահման, այնտեղ, որտեղ 10 մլն հայի սիրտ է բաբախում։




