
Իրավունքի ուժով հրավիրված Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվել է ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը։ Խորհրդարան է գնացել կառավարության գրեթե ողջ կազմը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Վարչապետը խոսել է բաց, որքան թույլ է տալիս իրավիճակը։
Արցախի Հանրապետության անկախության ճանաչման և ռազմաքաղաքական դաշինքի ձևավորման հարցերը քաղաքական օրակարգից դրվում են քննարկումների սեղանին, ԱԺ հատուկ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ստեղծված իրավիճակում հետագա քայլերի մասին էր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հարցը․
«Խոսում էինք, քննարկում էինք, որ եթե ճանաչենք Արցախի Հանրապետությունը, բանակցությունները կտապալենք, որից հետո կռիվ կսկսի, հետո կհարձակվեն բացի Արցախից նաև Հայաստանի վրա, և մենք կներգրավվենք մեծ պատերազմի մեջ։ Հիմա չկան բանակցություններ, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել, արդյո՞ք մեր օրակարգում կա Արցախ Հանրապետության ճանաչման հարցը, դրա շարունակական հետևանքներով․ Արցախում կլինի հանրաքվե, Արցախը կմիանա ՀՀ–ին, և այս թեման մենք կփակենք հավիտյանս»։
Արցախի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են նաև խորհրդարանական մյուս ընդդիմադիր ուժի՝ ԲՀԿ–ի պատգամավորները։ Վարչապետը հաստատում է՝ դեպքերի զարգացումը տանում է այս տարբերակին։ Սակայն խորհուրդ է տալիս չշտապել․
«Եկեք հետոյի մասին այս պահին ոչինչ չասեմ, որովհետև չեմ կարծում, որ ճիշտ է։ Այո, ինչպես եղել է մեր օրակարգում այդպիսի հարց, այդպես էլ մեր օրակարգում կա։ Երկրորդ հարցը՝ մենք գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ չենք գնում։ Մենք, նաև ձեր հրապարակային հարցից հետո, այո, պետք է այդ հարցը շատ լրջորեն քննարկենք, և գործնականում նաև այս հարցուպատասխանի արդյունքում գուցե հանրային քննարկում էլ սկսվի։ Բայց մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները, և մեծ հաշվով դուք ձևակերպեցիք հարցերի շրջանակը։ Նույնը վերաբերում է նաև ռազմաքաղաքական դաշինքի հարցին։ Այո, հիմա մեր օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան»։
Արդյո՞ք կարելի էր խուսափել դեպքերի այսպիսի զարգացումից կամ ի՞նչ պետք է աներ հայկական կողմն այս ընթացքից խուսափելու համար։ ՀՀ վարչապետը գիտակցում է, որ հանրությունն այս հարցերն իրեն անպայման ուղղելու է։

«Ըստ էության՝ Հայաստանի առաջ հետևողական և շարունակական պայման է դրվել զիջել առնվազն անվտանգության գոտին առանց որևէ նախապայմանի, առանց որևէ կարգավիճակային ճշգրտման։ Էլ չեմ ասում, որ Ադրբեջանը շատ հստակ, այդ թվում նաև հրապարակային ընդգծել է, որ պատրաստ չէ ընդունել ԼՂ որևէ այլ կարգավիճակ, որը կամ նույնը կլինի, կամ մի քիչ բարձր կլինի ԼՂ ինքնավար մարզից։ Արդյո՞ք կարող էինք խուսափել և ի՞նչ պետք է անեինք, որ խուսափեինք այս իրավիճակից։ Պետք է անեինք մի բան․ համաձայնեինք, որ Արցախը ԼՂ ինքնավար մարզ է գուցե մի փոքր ավելի լիազորություններով։ Եթե մենք սրան համաձայն ենք, մենք հենց հիմա կարող ենք ամեն ինչ կանգնեցնել / դահլիճից դժգոհություններ – խմբ․ /։ Ես չէի էլ կասկածում, որ այդպիսին է մեր հավաքական դիրքորոշումը»։
«Ֆիքսված իրավիճակ չունենք, այն գտնվում է զարգացման մեջ»,– պատգամավորներին տեղեկացրեց վարչապետը՝ նշելով, որ սահմանային իրավիճակի ամբողջական գնահատականը տալու համար դեռևս վաղ է։
ԱԺ–ում ներկայացված քաղաքական բոլոր ուժերն այս փուլում հայտարարում են միասնականության մասին, միասին պայքարելու և միջազգային հանրությանը իրողությունը ճիշտ և ժամանակին հասցնելու անհրաժեշտության մասին։ Այս գործում Հայաստանը ապավինում է նաև Սփյուռքի կառույցներին։ Համավարակի սահմանափակումների պայմաններում, ըստ վարչապետի, ճիշտ կլինի, որ ամեն մեկն իր տեղում պայքարի և նպաստի թշնամուն կանգնեցնելու գործին։
«Եվ ուրեմն ՝ մեր այսօրվա հավաքը, մեր այսօրվա նիստը միասնության, վճռականության և հաղթանակի մասին է, որովհետև սա վճռական ժամանակ է, և մենք միասնական ենք, քան երբևէ։ Եվ ուրեմն՝ կեցցե ազատությունը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Արցախի Հանրապետությունը։ Փառք հայոց բանակին, փառք հայոց զինվորին»։
«Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի», – նշել է վարչապետը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի ցանկացած զիջումներին Հայաստանը երբեք չի գնա։




