
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշի նստավայրում այսօր քննվել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը։ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2 հոդվածով, որն առնչվում է ընտրակաշառքին։ Գործում առկա դրվագները 2017–ի խորհրդարանական ընտրություններից են։
Ի՞նչն էր սկզբում՝ հանրահավա՞քը, թե՞ քրեական մեղադրանքը։ Ընտրակաշառքի վերաբերյալ քրեական գործի շուրջ այժմ ծավալվում են քաղաքական իրադարձություններ։ Մեղադրյալ կողմը՝ տվյալ դեպքում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը` իր աջակիցներով, իրավիճակը ներկայացնում են որպես քաղաքական հետապնդում մեծ հանրահավաքից առաջ։
«Եթե այսօր Ծառուկյանին ձերբականելով ժողովրդի վիճակը կլավանա, սոցիալական, տնտեսական վիճակը կլավանա, աշխատավարձ կբարձրանա, հարկային պարտավորությունները կպակասի, ժողովրդի տոկոսները կիջնի, ուսման վարձը կպակասի, եթե նեդրումները շատ կլինի՝ հարց չկա»։
Որևէ անդրադարձ ընտրակաշառքի գործին չկա ոչ դատարան մտնելուց առաջ, ոչ՝ դուրս գալուց հետո։ Դատարանի շենքի մոտ բացի աջակիցներից նաև գործընկերներն են եռյակից։
Հոկտեմբերի 8–ին հանրահավաք են անելու և հանրությանը փորձելու են փողոց հանել ԲՀԿ–ն, Դաշնակցությունն ու «Հայրենիք»–ը։ Ամիսներ շարունակ նրանք քննարկել են համագործակցության ձևաչափը, որոշ փուլերում տարածվում էր, թե ընդհանուր հայտարարի չեն գալիս որոշ հարցերի շուրջ։ Վարկածներից մեկի համաձայն՝ հոկտեմբերի 8–ի որոշումը կայացվեց, երբ ընտրակաշառքի գործն ակտիվացման փուլ մտավ։ Սա հերքում են թե Դաշնակցությունից, թե «Բարգավաճ Հայաստանից»։
Արծվիկ Մինասյան . «Բացարձակապես որևէ կապ չկա, որովհետև հանրահավաքը ավելի վաղ էր նույնիսկ նախատեսվում»։
Վահե Էնֆիաջյան . «Դուք ինքներդ եք ասում, որ տևական ժամանակ մենք խոսել և ներկայացրել ենք , որ այո՝ ունենալու ենք հանրահավաք»։
Իշխանության հատվածում, ամեն դեպքում, որոշակի կապ տեսնում են և ոչ միայն քրեական գործի ու հանրահավաքային տրամադրությունների միջև։ «Իմ քայլը» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի փոխանցմամբ՝ իրենք հանգիստ են վերաբերվում առաջիկա հանրահավաքի։

«Հին ֆորմատ՝ հին տրամաբանություն․ ևս մեկ պատճառներից մեկն է, որ մենք չենք քննարկում և որևէ բան այդտեղ չենք տեսնում քաղաքական առումով։ Բոլոր գործիչները, ոչ միայն Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը, Միքայել Մինասյանը, Ռոբերտ Քոչարյանը, բոլոր այդ գործիչները քաղաքական ակտիվություն են սկսում այն պարագայում, երբ իրենց հետ կապված քրեական գործ է բացվում։ Բա ի՞նչ պետք է անեն»։
Հանրահավաքի օրվա ընտրության հետ կապված կա ևս մի զուգադիպություն․ քաղաքական ուժերը հանրությանը փորձելու են փողոց հանել և դժգոհության չափը ցույց տալ այն ժամանակ, երբ Երևանում են գտնվելու ԵԱՏՄ երկրների վարչապետերը։ Հոկտեմբերի 8-9-ը Երևանում կանցկացվի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստ։
Ալեն Սիմոնյանը համոզված է, որ տարբեր խնդիրներով հանրությանը փողոց դուրս բերելը արդյունավետ չի լինի եռյակի համար։
«Բոլոր երեքի դեպքում ունի իր անձնական շահագրգռվածությունը։ ԲՀԿ–ի պարագայում այդ շահագրգռվածությունը Գագիկ Ծառուկյանի անձի շուրջ քրեական գործերի մասով քաղաքական ապաստարան ձևավորելու միտումն է, Դաշնակցության պարագայում՝ քաղաքականության մեջ ռեստարտի փորձ անելն է, իսկ Արթուր Վանեցյանի պարագայում՝ այս պահին չեմ ուզում դրա մասին խոսել։ Այդ ի՞նչ քաղաքական գործընթաց է տեղի ունենում ԱԺ–ում, փողոցներում այդ ի՞նչ քաղաքական պրոցեսներ են տեղի ունենում, որ իշխանությունը ինչ- որ քրեական գործերով փորձում է ինչ–որ մեկին լռեցնել։ Եվ վերջապես, ներողություն եմ խնդրում, բայց ՀՀ–ում ընտրակաշառք եղե՞լ է, թե՞ չի եղել»։
Նման դեպքեր, ամեն դեպքում, հիշում են համապետական բազմաթիվ ընտրությունների մասնակցած Դաշնակցությունում։ Թեև այսօր աջակցում են Գագիկ Ծառուկյանին, բայց կան նաև նրանց հետընտրական հայտարարությունները։
Արծվիկ Մինասյան․ «Եթե դուք վերցնեք և նայեք Դաշնակցության ԳՄ գնահատականը բոլոր ընտրություններում նախորդող շրջանի, դուք այնտեղ հստակ կտեսնեք ընտրակաշառքի վերաբերյալ՝ որպես համակարգային բնույթի, վարքագիծ։ Հետևաբաև, այն չի կարող դատապարտելի չլինել։ Բայց համակարգային բնույթի այդ խախտումը, որի մեջ ներգրավված են բազմահազար քաղաքացիներ և կազմակերպություններ, նշանակում է համակարգային ձևով պետք է լուծումը տրվի։ Չեք կարող վերցնել մեկ դրվագով կամ մեկ առանձին վերցված անձի մասով առաջ տանել»։
Գալիք հանրահավաքի հետ կապված իշխանությունն ամեն դեպքում ունի մեկ մտավախություն՝ կորոնավիրուսի աճող թվերի պայմաններում թռիչքաձև աճ են կանխատեսում հանրահավաքից հետո։ Այսօր արդեն դատարանի բակում Ծառուկյանի աջակիցներից երկուսին ոստիկանությունը ձերբակալեց դիմակ չկրելու և ոստիկանության պահանջներին չենթարկվելու համար։




